ԿարևորՔաղաքական

Ալիևը՝ ռազմական հանցագործ․ իրավական փաթեթի վրա աշխատում են մեծ թվով մասնագետներ

Այսօր Ժնևում, երկուշաբթի Մոսկվայում սկսվում են խորհրդակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցային սեղան վերադարձնելու համար։ Ստացվող տեղեկությունների համաձայն` այսօր Ժնևում է Ադրբեջանի արտգործնախարարը։ Այդ երկիրը նրան դիմավորում է Ալիևների կլանի դեմ պատժամիջոցների պահանջով։

Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ բանաձև է ընդունել Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին։

Երկուշաբթի Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին մասնակցելու համար ՌԴ է մեկնելու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ղարաբաղյան հակամարտության հարցը վաղ թե ուշ լուծվելու է սեղանի շուրջ՝ հաստատում են Երևանից, բայց հստակեցնում․ բանակցությունները կսկսվեն միայն այն դեպքում, երբ թշնամին դադարեցնի կրակն ու խաղաղ բնակիչների թիրախավորումը։ Այս պահին, սակայն, Ադրբեջանն անգամ պատրաստ չէ կրակի միջանկյալ դադարի՝ իր իսկ դիերը դուրս բերելու համար։ Հայկական կողմի պատրաստակամությունը փոխանցում է պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դուք չեք պատկերացնում մեր դիրքերի մատույցներում հակառակորդի դիակների քանակը։ Նույնիսկ իսլամի օրենքով նրանք մեկ օրից ավելի պետք է չմնան, նրանք չեն համաձայնվում դիակները տանել։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը այդ դադարի պահանջը պետք է, այնուամենայնիվ, դնի։ Մեկ ժամ է, մեկ օր է, խնդիրը դրա մեջ չէ։ Դիակները պետք է մեր դիրքերի մատույցներից հանել,  մենք թույլ կտանք։ Կարծում եմ` ՊԲ ղեկավարությունը շահագրգռված է, որովհետև այդ դիակները նաև փչանում են, հակասանիտարական իրավիճակը կարող է փոխվել։ Այնպես որ` հակառակորդը այնպիսի վիճակում է, որ նույնիսկ այդ խնդիրը չի ցանկանում լուծել»։

Միջազգային խորհրդակցություններից առաջ հարկավոր է հասկանալ, թե Արցախի հանդեպ  թուրք–ադրբեջանական ահաբեկչական ռազմական գործողությունները ինչպիսի հետևանք են թողնելու բանակցային գործընթացի վրա։ Խոսելու փուլը պետք է սկսվի այն արձանագրումից, որ բանակցային բովանդակությունը կարող է փոխվել, կարծում է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը։

«1994 թվականի զինադադարի պայմանագիրը խախտված է և այդ զինադադարի պայմանագիրը պետք է նորից թարմացվի և այնտեղ Արցախն իր ստորագրությունն ուներ այդ պայմանագրի տակ։ Առանց Արցախի մասնակցության խաղաղության որևէ հեռանկար ակնկալել տևական ժամանակ հնարավոր չէ։ Եթե նախկինում խոսվում էր անվտանգության գոտին ինչ–ինչ ձևաչափերով՝ Կազանյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքեր, այսօր այդ անվտանգության գոտին լրիվ այլ արժեք ունի։ Այստեղ խոսել շրջանների վերադարձի մասին, կներեք, արդեն դառնում է աբսուրդ։ Բնականաբար, փոխզիջումները պետք է լինեն, բայց այդ փոխզիջումները չեն կարող հաշվի չառնել մեր անվտանգության գոտու կարևորությունը ոչ միայն Արցախի համար, այլ` հարակից պետությունների համար ևս»։  

Պատերազմական իրավիճակում քաղաքական տարաձայնությունների մասին այս օրերին չի խոսում խորհրդարանական ընդդիմությունից «Բարգավաճ Հայաստան»–ը։ Լիագումար անցած նիստի ընթացքում ԱԺ–ում կողմ քվեարկեցին կառավարության կողմից անհրաժեշտ համարվող բոլոր նախագծերին։ ԱԺ փոխնախագահ ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանը զգուշավոր է անգամ այն հարցում, թե միջազգային խորհրդակցություններին Հայաստանը ինչ օրակարգով պետք է ներկայանա։

«Ռազմական գործողություններում մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր բանակի ոգին շատ բարձր է, ռազմատեխնիկայի և սպառազինության խնդիր մենք չունենք և պարզապես կարող ենք պարտադրել գործողություններ։ Բայց ամենատարբեր սցենարների պարագայում էլ մենք շատ լավ գիտակցում ենք, որ ի վերջո խնդրի լուծումը պետք է լինի սեղանի շուրջ քննարկման արդյունքում։ Ինչպիսի օրակարգով, ինչպիսի բովանդակային քննարկում տեղի կունենա՝ զերծ կմնամ այդ գնահատականներից»։

Ինչ օրակարգով Հայաստանը կգնա խորհրդակցությունների՝ մեկ այլ խորհրդարանական ընդդիմությունից՝ «Լուսավոր Հայաստան»- ից չեն մեկնաբանում։ Նրանք որոշակի ինֆորմացիայի պակաս ունեն, սպասում են վարչապետի հետ հանդիպման։ Միջազգային հարթակներում, սակայն, հայկական կողմի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել՝ ասում են։ «Լուսավոր Հայաստան»–ում այս օրերին կենտրոնացել են խորհրդարանական դիվանագիտության վրա, նաև՝ ակտիվորեն մասնակցում են միջազգային իրավունքով զբաղվող մասնագետների կոնսոլիդացիային։ Աշխատում են ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Սփյուռքի մասնագետները։ Հիմք են ստեղծում ռազմական հանցագործություններ կատարելու համար Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար։

«Մեր գործընկերները եվրոպական երկրներում արդեն իսկ սկսել են նախապատրաստել գործընթաց համընդհանուր իրավազորության ուժով պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ուղղությամբ։ Սա նշանակում է, որ պատերազմական հանցագործությունների կատարաման մեջ կասկածվող այն բոլոր անձինք Ադրբեջանում, որոնք դուրս կգան եվրոպական երկրներ, նրանց նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդում սկսվի հենց այդ երկրներում։ Եթե դա հաջողվի` մենք կունենանք այնպիսի իրավիճակ, որ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենա անգամ ոտք դնել քաղաքակիրթ աշխարհի պետություններ։ Հուսով եմ` մենք դրան կհասնենք»,- ասաց Տարոն Սիմոնյանը։  

Հանցագործությունների փաստերը երկու դրվագներով՝ Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ, արդեն ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և անընդհատ թարմացվում են։ Դրան զուգահեռ կան նաև լուրջ հետաքննություններ՝ լուրջ բացահայտումներով, ասում է Էդմոն Մարուքյանը։

«Ալիևների կլանը խնդիրներ է ունենալու միջազգային տարբեր հարթակներում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան ունի համընդհանուր իրավազորության՝ «Universal jurisdiction»–ը։ Երբ Պինոչետը իր երկրում ինչ ասես արել էր, որպես ղեկավար եկավ մի օր Լոնդոն և կալանավորվեց հենց այդ «Universal jurisdiction»–ի շրջանակներում։ Որպես երկրի նախկին ղեկավար նաև կալանավորվեց։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաղաքակիրթ աշխարհում օր ու արև, հանգիստ, դադար չի ունենալու, այդ միլիոններն էլ չեն կարողանալու վայելել։ Միջազգային ահաբեկչությունը ընկավ Ադրբեջանի գրպանը։ Իրենք էլ չեն հասկացել, թե ինչի մեջ են հիմա հայտնվել, որովհետև այլևս երկար տարիներ նրանք չեն կարողանալու այդ պիտակը իրենց վրայից հանել ։ Ադրբեջանը որպես պետություն ունենալու է այդ խարանը»։

Ադրբեջանի արտգործնախարարի համար արդեն այսօր բարենպաստ չէ Ժնևի մթնոլորտը։  Այդ երկիրը նրան դիմավորում է Ալիևների կլանի դեմ պատժամիջոցների պահանջով։ Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձև է ընդունել։

Կարդացեք նաև

Back to top button