Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Այսօր բնապահպանի օրն է: Օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը խոսել է ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրների ու ձեռքբերումների մասին: Նրա խոսքով` 6 մլրդ խորանարդ մետր ջրից Հայաստանը հնարավորություն ունի ամբարել միայն 2 մլրդ խորանարդ մետրը, եւս 3 մլրդ խորանարդ մետրն օգտագործվում է սեզոնի ընթացքում: Այսինքն` տեսականորեն Հայաստանը կարող է եւս 2 մլրդ խորանարդ մետր ջուր ամբարել, սակայն, դա մեկ օրվա խնդիր չէ եւ կապված է ջրամբարաշինության հետ, որի առնչությամբ մեր երկիրը մշակել է երկարաժամկետ ռազմավարական ծրագիր:
Ջրային ռեսուրսների կառավարումը որպես էկոհամակարգի անբաժանելի մաս մեր երկրում ունի 10 տարվա պատմություն: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը նախ տեղեկացրեց, որ Հայաստանում ջրային հասանելի ռեսուրսները տարեկան կազմում են 46 կմ/խ:
Վոլոդյա Նուրիմանյանի փոխանցմամբ` մեր երկրում առաջանում է 300-400 մլն խորանարդ մետր կեղտաջուր, որը չի ենթարկվում համապատասխան մաքրման եւ լցվում է բաց ջրավազաններ: Ոլորտի պատասխանատուն խոսելով մեր երկրի ամենամեծ ջրային ավազանի` Սեւանի մասին, ասաց, որ վերջին 10 տարում լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.6 մետրով, կամ` 5 մլրդ խորանարդ մետր ջրով:
Որքան ջրի մակարդակը բարձրանա, այնքան ավելի մեծ կլինի ինքնամաքրման գործոնը` ասաց բանախոսը: Այսօր, ըստ նրա, Սեւանա լճում էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնված է եւ այդ առումով որեւէ վտանգ չկա, ինչպես 8-10 տարի առաջ էր: Ոլորտի պատասխանատուն վստահեցրեց, որ արդիական խնդիրներ կան` կապված Արարատյան հարթավայրի ջրամատակարարման, ջրօգտագործման, ստորգետնյա խորքային հորերի օգտագործման հետ: Ասաց, որ այն կառավարության ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների կառավարմանը, Վոլոդյա Նուրիմանյանի խոսքով, անցած 10 տարիներին կատարվել են բարեփոխումներ, ստեղծվել է համապատասխան օրենսդրական դաշտ ու կառույցներ, որի նպատակն է ջրային ռեսուրսների կառավարումն ապակենտրոնացնելը` ստեղծված 6 ջրավազանային կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են բնապահպանության նախարարության կազմում:
Վոլոդյա Նարիմանյանի խոսքով` նպատակներից մեկն էլ որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունն ակտիվացնելն է, որպեսզի ռիսկային ավելի քիչ գործոններ լինեն: Խոսելով Արաքս գետից ջրառի խնդիրների մասին` բնապահպանության ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանն ու Թուրքիան այն օգտագործում են 50/50 սկզբունքով` դեռեւս խորհրդային տարիներին ստորագրված փաստաթղթի համաձայն:
Նա վստահեցրեց, որ Թուրքիան չի խախտում այս համաձայնությունը եւ 50-ի սահմանը չի անցնում, ինչ վերաբերում է Հայաստանին: Լուրջ ֆինանսական հնարավորություններ են պահանջվում 50 տոկոս ջուրը վերցնելու համար` եզրափակեց Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը: