ԿարևորՀասարակություն

Հրաժարվել թուրքականից․ նոր արշավ

Թուրքական ապրանքներից հրաժարվելու մասին խոսակցությունները պարբերաբար ակտիվանում են։ Վերջին անգամ թեման ակտիվորեն  քննարկվում էր 4 տարի առաջ՝ 2016–ի ապրիլյան պատերազմի օրերին։ Այսօր կրկին հարցը օրակարգում է, բայց առայժմ հասարակական հարթակում, ավելի ճիշտ՝ համացանցի տիրույթում։ Սկսվել է նոր արշավ։

«Թուրքական ապրանքներ գնելով՝ ֆինանսավորում ենք թուրքական ռազմաարդյունաբերական համալիրը»․ այս թեզը որպես կանոն Հայաստանում շրջանառվում է սահմանային լարումների ժամանակ։ Հետո՝ իրավիաճակի խաղաղվելուն պես,  մոռացվում։

Վերջին օրերին պահանջը կրկին ակտիվացել է։ Նույն կոչերով տարբեր խմբեր և անհատեր հատկապես ակտիվ են ֆեյսբուքի տիրույթում։ Պահանջի էությունն այսօր ձևակերպել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը՝ տեսահոլովակով։

-Մերժում եմ թուրքականը, քանի որ չեմ ուզում զինել մեր թշնամուն։ Ընտրում եմ հայկականը, որպեսզի հզորացնեմ հայոց պետությունը և բանակը։
Ընտրում եմ հայկականը, որպեսզի հզորացնեմ հայոց պետությունը և բանակը։
Մերժում ենք թուրքականը, քանի որ թուրքը չի ճանաչում ապրելու մեր իրավունքը։
Ընտրում եմ հայկականը, որպեսզի միջոցներս ծառայեն մեր տնտեսության զարգացմանը։

Թուրք–ադրբեջանական ռազմական սադրանքից մեկ օր հետո բեռնափոխադրումներով զբաղվող «Կարգո» ընկերությունն առաջինը որոշում կայացրց դադարեցնել Թուրքիայից իրականացվող բեռնափոխադրումները։ Միևնույն ժամանակ կոչ արեց բոլոր գործընկերներին հետայսու դադարացնել թուրքական ապրանքների ներկրումը՝ առաջարկելով կողմնորոշումը փոխել դեպի  շուկաներ։

Հայաստան ներկրվող ապրանքների շուրջ 5 տոկոսն է բաժին ընկնում Թուրքիային։  Գումարային առումով դա կազմում է շուրջ 260 միլիոն դոլար։ Այս թիվը 120 անգամ գերազանցում է Հայաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների գումարը՝ 2 միլիոնից քիչ ավելի։  Թուրքական ապրանքներից հրաժարվելու կողմնակիցներից  «Export Armenia» փորձագետների ասոցիացիայի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը՝ հետևելով դեպքերի զարգացումներին, չի բացառում, որ Թուրքիան հերթական անգամ կկիրառի շրջափակման քաղաքականությունը։

 «Տեսեք, այն, ինչ մենք ներմուծում ենք Թուքիայից՝ հագուստ, կոշիկ, շինանյութ և այլն, դրանից բավականին ավելի շատ ներմուծում ենք Չինաստանից։ Օրինակ՝ իմ տեղեկատվությամբ՝ նարնջի 80 տոկոսը ներմուծվում է կրկին Թուրքիայից։ Ինչո՞վ պետք է փոխարինենք։ Երևի 10–20% ավելի գնով այլ նարինջով։ Եթե նարինջը մեզ մոտ 600–ից դառնա 700 դրամ, ինձ թվում է մենք չենք տուժի»։

Վիճակագրությունը հուշում է, որ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության դադարեցման դեպքում առաջինը կտուժի շինարարությունը, փոքր բիզնեսը ու նաև մի քիչ կթանկանա տեղական արտադրանքը։ Այն բավական մրցունակ է տեղի խանութներում և շուկաներում, բայց վաճառողները բացատրում են․

-Ներկա պահին մենք ոչ կտոր ունենք, ոչ բան։

-Այս մայկեն տեղում էլ են կարում։ Բայց այս հո՞ւմքը՝ կտողրը որտեղի՞ց է գալիս։ Թուրքիայից։

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել թուրքական ապրանքների վրա: Որպեսզի հայկական տնտեսությունը միանգամից չտուժի և ժամանակ ունենա նախապատրաստվել հետագա զարգացումներին, «Export Armenia»–ի ղեկավարը իրատեսական է համարում առաջին փուլով արգելել Թուրքիայից բրենդային հագուստիա ներմուծումը։

«Կամ մաքսատուրքը բարձրացնել և զգալի բարձրացնել։ Իսկ այդ տարբերությունը մաքսատուրքի, որը մտնում է բյուջե, ուղղել այս որոշումից տուժած ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի փոխհատուցմանը։ Եվ, բնականաբար, ավելի շատ՝ դրամաշնորհային ծրագրերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում տվյալ ապրանքը արտադրելուն»։

Այս ամենում պետք է հաշվի առնել ևս մեկ փաստ․սահմանային մարտերը արժեզրկել են թուրքական արժույթը։ Այն հասել է պատմական նվազագույն ցուցանիշի։

Bloomberg-ը նշել էր, որ լիրայի արժեզրկումը կապված է այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button