
Քաղաքագետ, հասարակական գործիչ Լևոն Շիրինյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, իսկ իրականացվող գործողությունները՝ համակարգված․ տագնապել պետք չէ։ Քաղաքագետի կարծիքով՝ շատ կարևոր է այս պահի ոգեղեն ներկայությունը զինվորի, գեներալի և որոշում կայացնողի կողքին։
«Հայկական բանակը առաջին հարվածը ընդունել է կազմակերպված, առանց խուճապի, հավանաբար պլանավորված։ Պետք է ի նկատի ունենալ, որ հարձակման հաջողված հետ մղումը նախապատրաստում է հետագա հաջողությունների։ Մենք պարտավոր ենք գործելու՝ ըստ կառավարության կամ դրա ինստիտուտների որոշումների։ Եթե նկատի ունենանք ադրբեջանական ագրեսիան, մեր գործողությունները, իմ գնահատմամբ, գրագետ են, համապատասխան իրավիճակի։ Կարծում եմ, որ լավ արդյունք ենք ունենալու։
Մեզ մնում է միայն կատարել զինվորական դրությունից բխող բոլոր որոշումները, որոնք կհրապարակվեն․ յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի ներկայանալու իր տարածքային զինկոմիսարիատ։ Կարծում եմ՝ այստեղ ինքնագործունեության կարիք չկա, որովհետև պետական համակարգը տիրապետում է իրավիճակին։
Յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի իր ուսերի վրա տանելու սա։ Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ սա մեր պատերազմն է, մեր 100–ամյա ձգձգվող պատերազմն է, մեր հայրենական պատերազմն է՝ իր տարբեր օղակներով»,– ասել է Լևոն Շիրինյանը։




