ԿարևորՀասարակություն

Համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու մասին օրինագիծը՝ ԱԺ արտահերթ նիստում

Oրենքի նախագծով, որն Ազգային ժողովի այսօր հրավիրած արտահերթ նիստում  խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել կառավարությունը, և որն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 «կողմ», 0 «դեմ» ձայներով, առաջարկվում է սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել համալիր սոցիալական ծառայություն, որում կմիավորվեն տարածքային մի շարք գրասենյակների գործառույթներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը, որը ներկայացրել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը, պարզաբանել է նախագծերի փաթեթի ընդունման հրատապության պատճառը:

Բանն այն է, որ քննարկման ներկայացված օրենքների նախագծերը ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 23-ին: Նա ասել է, որ օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով շրջանառված ենթաօրենսդրական իրավական ակտերի քննարկման արդյունքում բացահայտվել են խնդիրներ՝ այդ օրենքներով սահմանվող նոր կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման, ինչպես նաև նախատեսված կառուցվածքային փոփոխությունները սահուն և անխափան իրագործելու հետ կապված: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել օրենքներում և օրենքով ամրագրել մի շարք դրույթներ:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ստեղծմամբ Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոնները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները, բոլորը միավորվում են մեկ ընդհանուր՝ համալիր սոցիալական ծառայությունների մարմնի ներքո:

«Անձնակազմերը, որ այսօր աշխատում են, դուք պատրաստվո՞ւմ եք բոլորին թողնել անգործ և զրոյից հավաքել անձնակազմ»,- փոխնախարարին հարց է ուղղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Աննա Ժամկոչյանը պատասխանել է՝ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու փոփոխությունը՝ վաստակ ունեցող աշխատակիցներին ժամկետային պայմանագրով նշանակելու և սահմանված կարգով մրցույթներ կազմակերպելու հնարավորություն է ստեղծում:

«Մենք մի քանի տվյալ ունենք, որ չէի ասի, թե արդար է: Սա երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ է: Ըստ էության երաշխիք չեք կարող տալ, կասեք՝ դե, մրցույթ էր, էդ մարդիկ գնացին, պարտվեցին…»,- արձագանքել է Մարուքյանը:

Կարդացեք նաև

Back to top button