ԴԱՀԿ- ում երեխաներին առնչվող մոտ 1600 կատարողական վարույթ կա


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ շոու- ծրագիր էր կազմակերպել ԴԱՀԿ-ը: Միջոցառմանը մասնակցեցին 5-ից 12 տարեկան այն երեխաները, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների տեսակցության կազմակերպման հարցերով զբաղվում է հիշյալ կառույցը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Սամվել Եգանյանի խոսքով` այսպիսի միջոցառումները նպատակաուղղված են բարելավելու այն բարոյահոգեբանական վիճակը, որը ձևավորվում է հարկադիր կատարման ծառայությունում գտնվելիս և հավաստիացնում, որ նրանց հետ կապված ցանկացած գործառույթ միշտ մնում է և մնալու է իրենց ծառայության ուշադրության կենտրոնում:
Այսօրվա դրությամբ հանրապետության մարզերում և մայրաքաղաքում կա մոտ 1600 կատարողական վարույթ, որից 865-ը` մարզերում, նշեց Սամվել Եգանյանը, և ավելացրեց, որ նշված թիվը հարաբերական է և այն ամեն րոպե կարող է փոփոխվել:
Տեղեկացնենք, որ վարույթներից 138-ը տեսակցությունների ապահովմանը, մեկ տասնյակն էլ երեխային մի ծնողից մյուսին հանձմանն է վերաբերվում: