
Ազգային անվտանգության ծառայությունից այսօր առաջին անգամ մեկնաբանություն հնչեց արդեն մի քանի օր հայաստանյան քաղաքական դաշտը ալեկոծած ռուսական «Դոսյե» կենտրոնի զեկույցի առնչությամբ։ Սեպտեմբերի 18–ին հրապարակվեց զեկույցի Հայաստանին առնչվող հատվածը, որում պնդում կար, թե «Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում»։
Փաստաթուղթը ԱԱԾ–ում արդեն ուսումնասիրվում է, հաստատում է կառույցի տնօրեն Արգիշտի Քյարամյանը։
«Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում է և ԱԱԾ–ն որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի։ Արդեն իսկ սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին որևէ այլ բան ասել չեմ կարող»։
Նախկինում Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, իսկ այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին է ֆինանսավորում «Դոսյե» կենտրոնը։ Այն հրապարակումների շարք է սկսել հարևան երկրների ներքին գործերին Կրեմլի միջամտության մասին։ Ինչ ճանապարհով` «Դոսյե»-ն չի մանրամասնում, բայց կենտրոնի ձեռքում են հայտնվել և ընթերցողներին են ներկայացվում հետախուզության գեներալ Վլադիմիր Չեռնովի քարտուղարության աշխատանքային փաստաթղթերը։ Ռուս պաշտոնյան ղեկավարում է ՌԴ նախագահի աշխատակազմի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային հարցերով վարչությունը։ «Դեսյեի»–ի զեկույցում հատված կա հենց Հայաստանի ԱԱԾ–ին առնչվող։
Ներկայացվում է, որ «Ռուսաստանի ընկերները չեն վախենում գաղտնազերծումից», քանի որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը վաղուց «Լուբյանկայի մասնաճյուղ» են անվանում, իսկ դրա ղեկավարությունում մշտապես սկանդալով ուղեկցվող կադրային խնդիրներ են»․ սա զեկույցից մեջբերում էր։ ԱԱԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանն այսօր չցանկացավ հստակեցնել՝ արդյո՞ք իր ղեկավարած կառույցի համար նորություն էր «Դեսյե»–ում ներկայացվածը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ մեր գործընկերների հետ, ինչպես նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ։ Շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները, սակայն ՀՀ ԱԱԾ–ն միտված է առաջին հերթին պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր ժողովրդի, մեր պետության շահը»։
«Դեսյե»–ի զեկույցը հիմնականում քաղաքական բնույթի է։ Ըստ կենտրոնի՝ հայաստանյան բազմաթիվ գործիչների անուններ և անգամ անձնագրերի պատճեններ ու այլ տվյալներ կան Չեռնովի փաստաթղթերում։ Ըստ «Դեսյե»–ի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռուսաստանյան հատուկ ծառայությունները օպերատիվ կեղծանուն են տվել՝ «Մորուք», և սկսել ուշադիր հետևել նրա յուրաքանչյուր քայլին։ Հրապարակման մեջ անդրադարձ կա Յուրի Խաչատուրովի ձերբակալությանը և մեղադրանքին, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի հարցով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, Հաղթանակի 75-ամյակի շքերթին Հայաստանի վարչապետի բացակայությանը։

Ներկայացվող փաստաթղթերում անգամ տեղեկություն կա, որ «մինչև օգոստոս չի հաջողվել չեզոքացնել Փաշինյանին։ Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»: Հայաստանից Կրեմլին տեղեկագրեր ուղարկողներից մեկը հանդես է գալիս «Կանդիդատ»՝ «թեկնածու» ծածկանվան տակ, գրում է «Դեսյե»–ն։ Կենտրոնի զեկույցում կան նաև կոնկրետ անուններ հայաստանյան քաղաքական դաշտից՝ ինչպես «սորոսական» անվանվող շրջանակից, այնպես էլ՝ ռուսամետ։
Քաղաքական գործիչներից, ներդրված գործակալներից, ռուսամետ լրագրողներից ու փորձագետներից բացի, ըստ հետաքննության, Կրեմլի հետ սերտորեն աշխատում են նաև որոշ հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը` «Լազարևյան ակումբ«–ն է, որը ձևավորվել է Թավշյա հեղափոխությունից հետո։ Զեկույցի համաձայն՝ ռուսական կողմից այն համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Անդամակցողների շարքում են Զորի Բալայանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը։ Ակումբի առաջին լիագումար նիստում` 2018-ի նոյեմբերին, ելույթ էր ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը:
Ամբողջ շաբաթվա ընթացքում քաղաքական գործիչներն ու քաղաքագետները փորձել են վերլուծել, հասկանալ և ենթադրել՝ ինչ է այս ամենը նշանակում՝ ով ում գործակալն է և ինչ պետք է արվի առաջիկայում։ Այս փուլում ամեն ինչը, բնականաբար, ենթադրությունների մակարդակում է։ Որպես կանոն, առաջին հերթին հնչում է Ազգային անվտանգության ծառայությունում լուստրացիայի պահանջը։ Համակարգի մաքրումը չի ուշանա՝ հաստատում է ԱԱԾ տնօրենը։
«Գիտեք, ԱԱԾ–ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի, և բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, այդ թվում նաև ԱԱԾ–ում կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը։ Այդ պրոցեսը սկսվել է, ես կուզենայի, որ ճիշտ ընկալվի իմ ասածը։ Դա բնականոն գործընթաց է՝ մարդիկ գալիս են, մարդիկ գնում են և այստեղ որևէ արտառոց այլ միտք փնտրել, կարծում եմ, տեղին չէ»։
«Կոմպրոմատների» սկանդալին զուգահեռ Հայաստանի անկախության 29–րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները»,– գրել է Ռուսաստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ:




