
Նախատեսվում է հաջորդ տարի սկսել Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ կառուցվող նոր աղբանոցի շինարարական աշխատանքները։ Այն լինելու է եվրոպական չափանիշներին համապատասխան։
Վերջերս Նուբարաշենի աղբավայրում նորից հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ-փրկարարներն ընդհանուր մոտ 4.5 հա տարածքում իրականացրել են քանդման-հանգեցման աշխատանքներ՝ օգտագործելով 237 տոննա ջուր։ Այս աղբավայրն ավելի վտանգավոր է դառնում, երբ տեղանքում սկսում են այրել աղբը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է բնապահպան Ինգա Զառաֆյանն ու ավելացնում՝ այրման ընթացքում տեղի են ունենում թունավոր նյութերի արտանետումներ։
«Օրինակ դիոքսենի արտանետում, որը շատ թունավոր նյութ է»։
Իսկ աղբի տեսակավորման ու վերամշակման բացակայության դեպքում առաջանում են վտանգավոր թափոններ, որի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, ասում է բնապահպան զրուցակիցս։ Եվրոպական ներդրումային և եվրոպական վերակառուցման և զարգացման բանկերի հետ կառավարությունը կնքել է վարկային պայմանագիր, որի համաձայն 28.4 մլն եվրոյի չափ գումարով Նուբարաշենի ներկայիս աղբավայրի հարակից տարածքում կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայր։Այս տեղեկությունը փոխանցեց «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ–ի տնօրեն Արմեն Շեխոյանը։ Երևանում գոյություն ունեցող երկու` Նուբարաշենի և Աջափնյակի աղբանոցները կփակվեն։
«Այս պահին դա գտնվում է գնահատման փուլում, այսինքն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են մրցութային ծրագիր եվրոպական չափանիշներով նախատեսված ընկերությունների խորհրդատվության կողմից։ Մասնակցում են նորից արտասահմանյան նման փորձ, այսինքն՝ նախագծելու, կառուցելու և շահագործելու փորձ ունեցող կազմակերպություններ, իրենք կառուցելու են, շահագործելու են։ «Երևանի քաղաքային նոր աղբավայրը» այդ տարիների ընթացքում ֆինանսապես կառավարելու է ծրագիրը, նաև սովորելու է շահագործման փուլերը և հետագայում ինքն է շահագործելու և կառավարելու»։
Նոր տարածքում նոր աղբավայր շահագործելուն դեմ է բնապահպան Ինգա Զառաֆյանը։ Նշանակում է նոր տարածք են աղտոտելու և թունավորելու, երբ կարելի է ազատվել աղբից՝ աշխարհի փորձը մեջբերելով ասաց բնապահպանը։ Կան երկրներ, որտեղ աղբն ամբողջությամբ վերամշակվում է։ Սա է պատճառը, որ բնապահպանը դեմ է նաև այս վարկը վերցնելուն։
«Մեր կարծիքով` այդ վարկը պետք է չեղյալ համարեին, քանի որ եվրոպական չափորոշիչներին չէր համապատասխանում այդ մեծ վարկը։ Փաստորեն 24 մլն եվրոյով պետք է վերցնեին նոր տարածք, և այնտեղ որ պետք է սորտավորում և վերամշակում իրականացվեր, չի կատարվելու»։
Երևանի քաղաքային նոր աղբավայր ՓԲԸ–ի տնօրենը հակադարձում է՝ քաղաքային իշխանությունը նույնպես դեմ է աղբավայրերին, սակայն այս ծրագրով հայտատուները պարտավոր են միայն կառուցել աղբավայրն ու շահագործել այն։ Հետագայում կաշխատեն ունենալ նաև վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումներ։ Դեռ 10 տարի առաջ ճապոնական «Շիմիզու» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել 8 միլիոն դոլարի ներդրում անել և աղբավայրից արտանետվող մեթան գազն այրելով էլեկտրաէներգիա ստանալ: Սակայն այն ժամանակ ընկերությունն ու Երեւանի քաղաքապետարանն ընդհանուր հայտարարի չեկան եւ ծրագիրը չիրականացվեց։
«Դա նշանակում է, որ քաղաքապետարանը ժամանակին մեծ սխալ է թույլ տվել «Շիմիզու» ընկերությանը թույլ չտալով այդ էլեկտրականության արտադրությունը, բայց այդ սխալը չի ուղղվել մինչև հիմա»։
Այս պահին հայտարարված մրցույթին մասնակցում է 7 կազմակերպություն։ Եվ ակնկալիքներն այնպիսին են, որ մինչև տարեվերջ կլինի հաստատված կապալառու և հաջորդ տարվանից կսկսվեն շինարարական աշխատանքները։
«Նոր տեխնոլոգիան լինելու են ճանապարհները, ու թվարկում է»։
Բացի դրանից` նոր աղբավայրն ունենալու է գազահավաքման կուտակիչ, որտեղ 1.4 կիլովատ հզորությամբ գեներատորների միջոցով հավաքված գազն այրվելու է՝ էլեկտրաէներգիա ստանալու համար։




