ԿարևորՀասարակություն

COVID-19․ մահեր և ծախսեր՝ պատասխանները Աժ քննիչ հանձնաժողովում

Մինչ ամառային արձակուրդ գնալը` ԱԺ ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունների անդամներին հաջողվեց հավաքել անհրաժեշտ ստորագրություն խորհրդարանական հերթական քննիչ հանձնաժողով ձևավորելու համար։ Քանի որ նստաշրջանի ժամկետն ավարտվեց, պատգամավորները չէին հասցրել ձևավորել իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի կազմը։ Այսօր արդեն քննարկվում էր, թե ինչպես է ձևավորվելու այդ հանձնաժողովը և ինչ հարցեր է ուսումնասիրելու։ Քաղաքական թևերից յուրաքանչյուրը վերհիշեց ընդդիմախոսների հայտարարությունները և հանձնաժողովը դեռ չձևավորած` արդեն կասկածներ և մեղադրանքներ հնչեցին։   

Անցած 6 ամիսների կարանտինն ու արտակարգ դրությունը ցույց տվեցին՝ COVID 19 կորոնավիրուսը անկանխատեսելի է հայաստանյան թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար։ Ժամանակի ընթացքում հաստատվեց․ կորոնավիրուսը որևէ «մեկի շունը» չէ ու նաև, որ այն «բարի մարդկանց» էլ է կպնում։ Փոխադարձ «հուշեր» և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ճակատագրի հստակեցում․ ահա այսպիսի մթնոլորտում է ձևավորվում խորհրդարանական քննիչ հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրի վիրուսի դեմ պայքարի պետական աշխատանքների արդյունավետությունը։   

Թեև հանձնաժողովը ձևավորվում է ընդդիմադիրների պահանջով, բայց անցած ամիսների ընթացքում հանձնաժողովի աշխատանքին պատրաստվել է նաև ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլ»–ը խմբակցությունից Լենա Նազարյանը։ Ամիսների ընթացքում նա հավաքել է փաստեր և այդ ամենը պատրաստվում է ներկայացնել քննիչ հանձնաժողովին։ Բոլորն էլ համավարակի պայմաններում ընդդիմադիրների գործունեությանն է առնչվում։

«Արդյո՞ք հանձնաժողովը կքննարկի ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող։ Մասնավորապես` ասվել է ընդդիմության կողմից, որ պետք է փակվի Իրանի և Իտալիայի սահմանը, հետո ասվել է, որ կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն։ Առաջարկվել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ խորհրդարանում դիմակ պետք է չկրեն պատգամավորները։ Ասվել է, որ անհրաժեշտ սահմանափակումները կարող են կիրառվել այլ իրավական ակտով, բայց դեմ եք քվեարկել կարանտին սահմանելու որոշմանը։ Երկրում արտակարգ դրություն է սահմանված եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, երբ վարակվել են պատգամավորներ և ոստիկաններ։ Մարդկանց ազատել են աշխատանքից և պետությունից պահանջել սոցիալական օգնություն տրամադրել։ Արդյո՞ք հանձնաժողովը գնահատելու է ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում»։  

Խորհրդարանական մեծամասնության համար սա պետք էր հասկանալ ՝ որոշելու, թե ընդդիմադիրների նախաձեռնությանը ինչպես քվեարկեն։

Ընդդիմադիրներն իրենց հերթին պնդում են՝ կաշկանդված չեն լինի քննարկել ցանկացած հարց, եթե իհարկե, այն համապատասխանի հանձնաժողովի նպատակներին և գործառույթներին։ Քննիչ հանձնաժողովի ձևավորման նախաձեռնողներից ոչ ԼՀԿ–ից Էդմոն Մարուքյանը, ոչ ԲՀԿ–ից Նաիրա Զոհրաբյանը չեն հավակնում ընդգրկվել հանձնաժողովի կազմում, քանի որ ունեն ընդգծված դիրքորոշում․

Էդմոն Մարուքյան ․ «Ցանկացած հարց, որ դուք առաջարկեք՝ քննարկվելու է։ Պարզապես այդ բոլոր ուժերի գործողությունների և հայտարարությունների հետ կապված կխնդրեմ, որ հստակ անվանումներով տաք այդ տեղեկատվությունը, որ իմանանք՝ այդ ո՞վ է խանգարել համավարակի դեմ պայքարին և, երբ ասում եք ընդդիմություն, իմանանք՝ ում նկատի ունեք»։  

Նաիրա Զոհրաբյան ․ «Ես հասկացա, որ իշխանական մեր գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի և գործողությունների արդյունքում կորոնավիրուսը սրընթաց, մետաստազի նման տարածվել է։ Հրաշալի է, սա ևս մեկ փառահեղ առիթ, որպեսզի դուք կողմ քվեարկեք հանձնաժողովի կազմին և հանձնաժողովի ստեղծվի։ Եվ մենք ձեզ հետ միասին կքննարկենք՝ միտինգների ժամանակ վարակվածների և «Այո»–ի քարոզարշավի ժամանակ վարակվածների հարցը, կքննարկենք  Հռոմի և Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կքննարկենք հարգարժան վարչապետի մտահոգությունը, որ որոշ դեպքերում մարդիկ մահացել են, այո, որովհետև շտապօգնության մեքենան չի հասցրել հասցնել հիվանդանոց, կքննարկենք, թե ինչի վրա են ծախսվել COVID հիմնադրամի գումարները, կքննարկենք, թե ինչու տնային բուժում ստացողները պետությունից ոչ մի դեղորայք չեն ստացել»։

«Ամեն ինչ ստվերից պետք է դուրս գա»․ ընդդիմադիրների այս պնդումներին և մտադրություններին խորհրդարանական մեծամասնության անդամները դեմ չեն։ Թեև ավելի արդյունավետ են համարում բոլոր տեսակի ուսումնասիրությունները սկսել, երբ համավարակն արդեն ավարտված կհամարվի։ Աշխարհում արդեն կան պետություններ, օրինակ՝ Իտալիան, որտեղ նույնպես ուսումնասիրվում է համավարակին հակազդելու իշխանության ձեռնարկած քայլերը։ Նմանատիպ ուսումնասիրություն այստեղ իրականացնելու հայաստանյան իշխանական ուժի շահագրգռվածությունը հիմնավորում են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլը» խմբակցությունից Սոս Ավետիսյանը․

Ալեն Սիմոնյան ․ «Մենք մեր գործընկերներին պաշտպանելու խնդիր չունենք, մենք օբյեկտիվության պարզելու խնդիր ունենք։ Ողջունում եմ գաղափարը, որ մենք կկարողանանք զրուցել և կխնդրեմ իմ գործընկերներին, եթե հնարավորություն լինի, ինձ նույնպես ներառել այդ հանձնաժողովի կազմում, որովհետև ես հարցեր ունեմ, որը կուզենամ բարձրաձայնել նաև հանրության առջև՝ որոշ մեր գործընկերների գործունեությունը բացահայտելու համար»։

Սոս Ավետիսյան ․ «Այս պահին սա բացելը զուտ քաղաքական նպատակահարմարություն ունի, ընդդիմության գործը դա է, այդպես էլ պետք է լիներ։ Պետք է ամրագրվի՝ Հայաստանում կորոնավիրուսից առաջ առողջապահական համակարգի իրավիճակը, և այլ բոլոր ինստիտուտների, որ իմանանք՝ մենք որտեղից ենք սկսել այս պատերազմը, ինչ ռեսուրսներով, որպեսզի մեր քաղաքացին տեսնի այս ամենի ընդհանուր պատկերը։ Վստահ եմ, որ այս քննիչ հանձնաժողովն իր քննության մեջ կգտնի շատ ու շատ կարևոր հարցերի պատասխան ու մենք կկարողանանք մեր հանրությանը դրա մասին ավելի լավ իրազեկել»։

Ենթադրվում է, որ քննիչ հանձնաժողովը կունենա 12 անդամ։ Ըստ Դոնթի բանաձևի՝ տեղերից 7–ը կհատկացվի «Իմ քայլը» խմբակցությանը, 3–ը «Բարգավաճ Հայաստան»–ին և 2–ը՝ «Լուսավոր Հայաստան»–ին։ Գործելու ժամկետը 6 ամիս է, մեկ անգամ երկարաձգման հնարավորությամբ։ Վերջում ներկայացվելու է եզրակացություն։

Եթե վաղը պատգամավորները կողմ քվեարկեն այս պայմաններով նախագծին, ապա Աժ–ում սա արդեն կլինի 6–րդ քննիչ հանձնաժողովը։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու քննարկումն ԱԺ–ում ուշագրավ մի դրվագ ուներ․ հակառակ Հայաստանում սահմանված կարանտինի պահանջին և դիմակ կրելու անհրաժեշտությանը՝ ընդդիմադիր պատգամավորների մեծամասնությունը ԱԺ ամբիոնին մոտեցավ առանց դիմակի։

Կարդացեք նաև

Back to top button