ԿարևորՀասարակություն

Խորհրդարանական նոր բոյկոտ․ ՍԴ դատավորների թեկնածուները հասան ԱԺ

Այսօր աշխատանքն է սկսել Աժ աշնանային նստաշրջանը։ Առաջին իսկ հարցով պատգամավորներն անցել են ՍԴ դատավորների ընտրության հարցին։ Բուն քվեարկությունը կկազմակերպվի վաղը, քանի որ գրեթե ամբողջ օրը պատգամավորները լսել են 3 թեկնածուներից յուրաքանչյուրին, նրանց հարցեր ուղղել։ Սահմանված կարգի համաձայն՝ ՍԴ դատավորի թեկնածուներ են առաջադրել Դատավորների ընդհանուր խորհուրդը, ՀՀ նախագահը և կառավարությունը։ Թեկնածուների հետ կապված առանձին և հստակ դժգոհությունները բազմիցս հնչել են։ Թեկնածուներից, կարծես թե, դժգոհ են բոլոր թևերը, բայց խորհրդարանական նոր բոյկոտի համար բոլորովին այլ խնդիր է պատճառ դարձել։

Սահմանադրական դատարանի նոր դատավորները կընտրվեն բացառապես խորհրդարանական մեկ ուժի կողմից։ «Իմ քայլը» խմբակցությունն է լսում և պարզաբանում, թե ինչպես են թեկնածուներն իրենց աշխատանքը պատկերացնում ՍԴ–ում։ ԱԺ մյուս երկու ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»–ը և «Լուսավոր Հայաստան»–ը չեն մասնակցելու քվեարկությանը։ Խմբակցությունների դիրքորոշումները հիմնավորում են Նաիրա Զոհրաբյանն ու Տարոն Սիմոնյանը։

Նաիրա Զոհրաբյան․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել ՍԴ հետ կապված որևէ գործընթացի խորհրդարանում, այնպես էլ՝ մենք շարունակելու ենք չմասնակցել։ «Բարգավաճ Հայաստանը» ձեզանից որևէ մեկի քվեարկությանը չի մասնակցելու»։

Տարոն Սիմոնյան․ «Կարծում եմ, անակնկալ չի լինի ձեզ համար, եթե ասեմ, որ մենք էլ չենք մասնակցելու քվեարկությանը, որովհետև ինքներս գիտեք՝ մենք ՍԴ–ում վիճարկում ենք սահմանադրական այն փոփոխությունների ընդունման գործընթացը, որի հետևանքն այսօր այս քվեարկությունն է»։  

Խորհրդարանի ընդդիմադիր ուժերը պնդում են, որ ՍԴ կազմի թարմացմանը բերած փոփոխություններն իրավական խախտումներ են պարունակում։ Մեծամասնության պատգամավորները նոր բոյկոտում հակված են քաղաքական նպատակներ տեսնել։ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյան․

«Այս դահլիճում կա երեք փիլիսոփայություն։ Առաջին փիլիսոփայությունը, որը, ըստ իս, կրում են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները՝ ոչինչ չանելն է։ Հինա ՍԴ–ն կամ հին դատական համակարգը իրենց ձեռնտու է, թե ինչու՝ թողնում եմ իրենց խղճին։ Երկրորդ փիլիսոփայությունը, որը կրում է պարոն Բաբաջանյանը և այս դահլիճից դուրս նաև այլ գործիչներ՝ անելն է այնպես, որպեսզի նոր ՍԴ–ն կամ նոր դատական համակարգը լինի մեր սիրելին։ Բայց խնդիրը հետևյալն է, երբ որ մենք այս տարվա սկզբին հայտարարում էինք, որ մենք չենք ուզում խամաճիկային ՍԴ, մենք չենք ուզում մեր «սիրելի» դատավորներով ՍԴ, մենք կատակ չէինք անում»։

ՍԴ դատավորների թեկնածուների համար այսօր հեշտ չէր ԱԺ ամբիոնի մոտ։ Նրանցից, այսպես ասենք «փորձվածը» հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանն էր։ Այս խորհրդարանն արդեն մեկ անգամ նրան մերժել է և չի ընտրել ՍԴ դատավոր։ Անցյալ տարի նա ընդամենը 30 «կողմ» ձայն էր հավաքել։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը բացատրում է․ արդեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նախագահի կողմից երկու անգամ է առաջադրվել և ընտրվել, հետևաբար՝ արդար չի լինի նույն մոտեցումը չցուցաբերել այլ  թեկնածուների հանդեպ։ Այդպես է բացատրվում արդեն մեկ անգամ «մերժված» թեկնածուին կրկին առաջադրելու նախագահի քայլը։ Ինքը՝ թեկնածուն` Արթուր Վաղարշյանը, համոզված է՝ իր պես մարդը անհրաժեշտ է Սահմանադրական դատարանին։ Ավելի ծանր է տանում, երբ իր թեկնածության քննարկումների ժամանակ շոշափվում են հին դատաիրավական համակարգի խնդիրներն ու հակահեղափոխականությունը։

«Հենց իմ նման անձնավորությունը պետք է լինի, որ կարողանա հավասարակշռել երկու թևերը։ Պետք է առարկայական լինի չէ՞ ելույթը։ Հիմա մարզում նստած ինչ- որ մեկը նստել նայում է, մտածում ՝ էս հակահեղափոխականին բերել էին, ուզում էին ընտրեին, Արման Բաբաջանյանը կանխեց, հա՞։ Հիմա դուք այդ խոսքերն ասում եք տպավորություն ստեղծելու համար՝ ես հակահեղափոխական ուժ եմ, դուք էլ հեղափոխական եք։ Մի ընտրեք ինձ՝ ձեր գործն է։ Ընտրողն էլ եք դուք, չընտրողն էլ եք դուք»։       

RA National Assembly session took place

Սահմանադրական դատարանում իրեն լավ պատկերացնում է նաև Դատավորների ընդհանուր խորհրդի կողմից առաջադրված Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։ Մարդու իրավունքների դատարանում ընդդեմ Հայաստանի բազմաթիվ գործերի համար, որ դատական սխալների պատճառով այժմ նյութական վնաս են պատճառում պետությանը, Խունդկարյանն իրեն պատասխանատու չի համարում։ Նրա քննած գործերից են եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության, Թեղուտի, տարբեր գործարարներին և անհատ քաղաքացիներին առնչվող գործերը։ Ընդհանուր առմամբ՝ մեկ տասնյակի հասնող գործերի մասին է խոսքը։

«Եթե այն, ինչ ֆիքասված էր մամուլում, վերցնեք կետ առ կետ վերլուծեք, կհամոզվեք, որ գործերի մի շարք կա, որ ընդհանրապես ես որևէ մասնակցություն չեմ ունեցել՝ մեկ, գործերի մի շարք կա, որ ընդհանրապես պետք է վերլուծել, թե իրական խախտումը, եթե տեղի է ունեցել, որ ատյանի թերացումների արդյունքում է տեղի ունեցել։ Մենք պետք է հիշենք մեկ բան․ Վճռաբեկ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով և հիմնավորումներով։ Նա չի կարող դրանցից դուրս գալ և փորձի լուծում տալ այն խախտումներին, որը ինքն է տեսնում»։

Կառավարության առաջադրած թեկնածուի՝ Էդգար Շաթիրյանի օգտին այս խորհրդարանը մեկ անգամ արդեն քվեարկել է, բայց այլ առաքելության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելու համար։ Այդ կառույցում Շաթիրյանը հրաժարական տվեց, երբ հանձնաժողովի նախագահի ընտրություններում պարտվեց «Լուսավոր Հայաստան»–ի թեկնածուին։ Նրա թեկնածությունը կրկին, այս անգամ Սահմանադրական դատարանում առաջադրելու կառավարության որոշումը հիմնավորեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․

«Նկատի ունենալով ժամանակահատվածը, նկատի ունենալով, որ առհասարակ Հայաստանում այն ցենզերը, որ ներկայացվում է ՍԴ դատավորներին և դատավորների թեկնածուներին բավականին խիստ են, մենք այո, քննարկումներ ունեցել ենք տարբեր թեկնածուների շուրջ, և պատմությունը պարզ է։ Ամեն դեպքում, ես անուններ չեմ թվարկի, որովհետև ընտրությունը վերջիններիս վրա չի կանգնել, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ պարզ է, բացատրեցի սկզբունքները, այդ շրջանակներում ենք կայացրել որոշում»։  

ՍԴ դատավորների թեկնածուների ընտրությունը կկազմակերպվի վաղը։ Կարգի համաձայն` ՍԴ դատավոր ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Կարդացեք նաև

Back to top button