
Սենսացիոն, սկանդալային, միլիոնավոր հեռուստադիտողների սրտերը գերած Քարդաշյան շուոն փակվում է։ 14 տարի Քարդաշյան ընտանիքի մասին պատմող իրապատում-թոք շուոն ամենավարկանիշայիններից էր։ Այն, ինչպես ասում են, հեռուստաէկրաններից չիջավ։ Սակայն այսօր առավոտյան հեռուստաաստղը ինստագրամի իր էջի միջոցով ուղերձով դիմեց երկրպագուներին․
«Երախտապարտ եմ բոլորին, ովքեր հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին վերջին 14 անհավանական տարիներին։ Այդ շոուն մեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին հիմա կանք, և ես մշտապես պարտական կլինեմ նրանց, ովքեր դերակատարում են ունեցել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,-գրել է հեռուստաաստղը։
Շոուի պրեմիերան ԱՄՆ-ում 2007 թվականի հոկտեմբերին էր, վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2021 թվականի սկզբին։
Ո՞վ է Քիմ Քարդաշյանը, ի՞նչ է արել, որ աշխարհը չի դադարում խոսել նրա մասին: Ոչ մի աղմկահարույց կինոդեր, ոչ մի երաժշտական սկավառակ չունի, բայց մշտապես առաջատար ամսագրերի շապիկին է։ Սկզբում հեռուստաաստղը հեռուսադիտողին գրավեց ինտիմ ու բաց տեսարաններ հրապարկելով , հետո արդեն՝ առօրյա կյանքը պատմելով։

Ո՞րն է Քարդաշյանի ֆենոմենը։ «Ռադիոլուր»–ի եթերում հեռուստաաստղի կերպարը վերլուծում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։
Ասում է՝ համացանցում պատահականորեն հայտնված Քարդաշյանի բաց տեսարաններով տեսանյութը գրագետ PR տեխնոլոգիաների շնորհիվ նրան դարձրեց աշխարհի ամենահայտնի կինը։ Հաղորդումը հասավ հաջողության , քանի որ ամեն ինչ ներկայացվում էր պարզ, անկեղծ, անմիջական ֆորմատով։ Իսկ մարդիկ սիրում են անկեղծ տեսարանների ականատես լինել։
Կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը չի կարողանում բացատրել, թե որն է Քարդաշյանի ֆենոմենը, բայց տաղանդով հիացած է։
Եթե Քարդաշյանն ապրեր Հայաստանում, արդյո՞ք նույնքան հայտնի ու պահանջված կլիներ։ «Իհարկե ոչ»,–ասում է Աստղիկ Ավետիսյանը ու նշում մենթալիտետի խնդիրը։

Քարդաշյանը 2 անգամ է եղել Հայաստանում․ առաջին այցը 2015-ին էր, երկրորդը՝ 2019–ին։ Հայաստան այցելած Քարդաշյանն արդեն մի անձ էր, որն աշխարհին պատմում էր Ցեղասպանության մասին, ներկայանում որպես բիզնես լեդի և պարզապես կին, որն ապրում երջանիկ ընտանեկան կյանքով։
Քարդաշյանները չեն ակնարկել թե ինչի մասին է լինելու 20-րդ՝ վերջին եթերաշրջանը, փոխարենը Ryanair ավիաընկերությունն է շտապել թվիթերյան հետևորդներին տեղեկացնել, որ այն լինելու է «Դեպի Հայաստան մեծ ընտանեկան ճամփորդության մասին»՝ հիշեցնելով, որ իրենք մատչելի գներով թռիչքներ են առաջարկում դեպի Երևան ։
Ավիաընկերությունը, թերևս, Քարդաշյանի անունն օգտագործել է սեփական գովազդի համար, սակայն լուրն առայժմ չի հերքվել։




