ԿարևորՀասարակություն

Վրաստանի խորհրդարանում, հավանաբար, հայազգի երեք պատգամավոր կլինի

Վրաստանում պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Հայաբնակ Սամցխե-Ջավաքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն արդեն սկսել են նախընտրական հանդիպումները, շրջանում արդեն հայտնվել են առաջին նախընտրական պաստառները: Պայքարը հիմնականում ընթանալու է իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» թեկնածուների միջև։

Հոկտեմբերի 31-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հավանաբար, երկրի խորհրդարան կանցնի հայազգի 3 պատգամավոր:

Ամեն անգամ ընտրությունների նախաշեմին ուշադրություն կենտրոնում է հայտնվում Վրաստանի հայաբնակ շրջանը, որտեղ թեժ պայքար է ընթանում իշխող ուժի և ընդդիմության թեկնածուների միջև։ Ինչպես փորձագետներն են բնութագրում, վերջին տարիների ընտրությունները թեժ են լինում, քանի որ սա «պայքար է Իվանիշվիլիի և Սահակաշվիլիի միջև»։

Իշխող «Վրացական երազանքը», որի հիմնադիր-ղեկավարն է Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, փաստացիորեն երկրի ղեկավար է ընկալվում։ 

Այս ուժը հայաբնակ շրջանում որպես մեծամասնական թեկնածու է առաջադրել գործող պատգամավոր Սամվել Մանուկյանին։

Վերջինս վստահ է․ «Մենք շատ ուժեղ ենք Նինոծմինդա-Ախալքալաքում։ Հաղթելու ենք, պայքարում ենք, որ ձայների ավելի մեծ տոկոս հավաքենք։ Ժողովրդավարական ընտրություններ են անցկացվելու։ Մրցակցություն կլինի շրջանի թեկնածուների միջև, բայց ես ուզում եմ, որ դրանից հետո իրարից չնեղանանք, ինչպես սովորաբար լինում է՝ ընտրությունից մինչ մյուս ընտրություն ոմանք իրար հետ չեն խոսում, թշնամիներ են դառնում»։

Իշխող ուժի հիմնական մրցակիցը՝ ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժը՝ «Միացյալ ազգային շարժումը», որ ղեկավարվում է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայում գտնվող Միխեիլ Սահակաշվիլիի կողմից, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական թեկնածու է առաջադրել Մելիք Ռայիսյանին։

Վերջինս խորհրդարանի պատգամավոր է եղել 1995-2008 թվականներին։ Այս տարեսկզբին նա Ուկրաինա էր մեկնել՝ հանդիպելու Սահակաշվիլիի հետ․

«Հարցեր կային, որ պետք է պարզեինք։ Սահակաշվիլիի սխալները պարզ են, նա ինքը ևս դրանք ընդունում է։ Դրա համար այդ նույն թիմը, նույն գաղափարախոսությունը, նույն կուսակցությունը պիտի իշխանության գա, որ իր արած սխալներն ուղղի»։

Ընտրողների շրջանում թվով երրորդ հեղինակություն վայելող ուժը «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռացած անդամների կողմից ստեղծված ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանն» է։ Շրջանի մեծամասնական թեկնածուն Սաակաշվիլիի իշխանության տարիներին Նինոծմինդայի ոստիկանապետ Արսեն Կարապետյանն է։

«Վրաստանում արդեն հասունացել է իշխանափոխության խնդիրը։ Դա պարզ դարձավ նաև նախագահական նախորդ ընտրություններում (2018-ին, երբ իշխանության և ընդդիմության թեկնածուների ձայներն առաջին փուլում գրեթե հավասարվել էին. խմբ.)»։

Սամցխե-Ջավախեթիի խնդիրները՝ ըստ թեկնածուների

Իշխող ուժի թեկնածու, պատգամավոր Սամվել Մանուկյանի խոսքով` առաջնահերթ խնդիրներից է հողային օրենսգրքի փոփոխությունը, որպեսզի բնակիչները հնարավորություն ստանան համայնքային հողերը հավասարապես օգտագործել, մյուսը շրջանում պետական լեզվին տիրապետելու հարցն է։

Ընդդիմադիր թեկնածու Ռայիսյանի խոսքով․ «Ջավախքում կոռուպցիա է, անօրինականություն, բնակչությունը զրկված է իր իրավունքներից, Վրաստանի Սահմանադրությունը Ջավախքի տարածաշրջանում չի գործում»։

Մյուս ընդդիմադիր թեկնածուն՝ Արսեն Կարապետյանն ասում է․ «Իմ նախընտրական ծրագիրը մեկն է՝ ազատել Ջավախքը օլիգարխիկ իշխանությունից, այսինքն` ազատելով Վրաստանը, կազատվի նաև Ջավախքը»։

Այս օրերին շրջանում գլխավոր հարցերից մեկն այն է՝ արդյո՞ք 21 տարի պատգամավորական աթոռ զբաղեցրած, ներկայիս մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, որի թեկնածությունն այս անգամ իշխող ուժը չի առաջադրել, 6-րդ անգամ կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ։

«Ես դեռ չեմ որոշել, բայց ժողովուրդը, հազարավոր մարդիկ են ինձ դիմում՝ պահանջելով իմ ինքնաառաջադրումը։ Ժողովուրդն իսկապես պահանջում է․․․»,- ասում է Մկոյանը, որի անունը վերջին շրջանում կապվում է աղմկահարույց քրեական գործերի հետ։

Մոտակա օրերին կհրապարակվեն նաև կուսակցությունների համամասնական ցուցակները։ Ենթադրվում է, որ իշխող «Վրացական երազանքը» համամասնական ցուցակի անցողիկ տեղում կառաջադրի երկու հայազգի պատգամավորների թեկնածությունը։ Կանխատեսվում է, որ Վրաստանի նոր գումարման խորհրդարանում ևս հայազգի երեք պատգամավոր կլինի։

Կարդացեք նաև

Back to top button