
Ալեք Մանուկյան 5-ում եմ․ 2020 թվականի սեպտեմբերի մեկն է․ օրը՝ երեքշաբթի, ժամը՝ աշխատանքային։ Ասում են՝ մեկ տարի առաջ այս օրը այս ժամին այս միջանցքով միայնակ քայլելու մասին միտքը կարող էր զարմանալի, երբեմն՝ ծիծաղելի, իսկ որոշ դեպքերում՝ անպատեհ լինել։ Հանրային ռադիոն դեռ երբեք այսքան դատարկ չէր եղել։ Երբեք՝ սկսած 1926 թվականի հենց այս օրվանից՝ երբ առաջին անգամ եթերից հնչեց․ «Երևանն է խոսում»։
Ժամանակը, որում ապրում ենք, փորձում է խմբագրել ավանդույթը, բայց ծնունդները կարծես ստեղծված են հենց նրա համար, որ հուշեն՝ անցյալ-ներկա-ապագա շրջայց կատարելու ժամանակն է․ Վստահաբար ավելի արդյունավետ շրջայց, քան կիսադատարկ հարկից հարկ քայլելս է։
«Ապրելու բանաձև» հաղորդման հեղինակ Գոհար Մարտիկյանի հետ եմ փորձում խոսել։ Այժմ դա անելու համար պետք է մոտենալ հեռախոսին, ոչ թե նրա աշխատասեղանին։ Ռադիոյում արդեն մի քանի ամիս գրեթե բոլոր հարցազրույցները տեղի են ունենում հենց այսպես՝ հեռախոսով։

«էն ժամանակ ռադիոյում եթե ասեմ հազարից ավել աշխատող կար և բոլորը ներսուդուրս էին անում ու մեղվափեթակի նման էր ռադիոն այդ ժամանակ․ մեկը մտնում, մեկը դուրս էր գալիս»։
Այն ժամանակ ասելով տիկին Մարտիկյանը սրանից 50 տարի առաջ սկսված ժամանակները նկատի ունի։ Այդքան ու դեռ մի բան էլ ավել է՝ ինչ ռադիոտան բնակիչ է․ «Նրանք, ովքեր ռադիոն համարել են իրենց տունը, նրանք, ովքեր կան ռադիոյում ու ովքեր գնացել են՝ ինձ շատ լավ կհասկանան, ռադիո ոտք դրած առաջին իսկ պահից այն իրական տուն էր»։
Իրեն ամենալավ հասկացողներից մեկը, հավանաբար, Ռիմա Պետրոսյանն է։ 94-ամյա ռադիոյում է 54 տարի. «Մեր ռադիոունկնդիրները շատ-շատ էին, ցանկացած մեկին, որ ուզում էիր խոսեցնել, ասում էր՝ ռադիոն իմ զրուցակիցն է։ Ռադիոն միշտ էլ հարազատ գործընկեր է և՛ լրագրողի համար, և՛ ռադիոունկնդրի համար»

Նկարը՝ անձնական արխիվից
«Դա կլինի մեկը, ով դուրս է տարիքից, դուրս է ժամանակից առհասարակ, դուրս է տարածությունից։ Դա մեկն է, ով հարյուր-հազարավոր տեղեր է միաժամանակ։ Ամեն ինչ գիտի, ամեն ինչ կարող է ու ոչ մի բանից չի վախենում»,- զրուցակից-մարդ-ռադիոյի բնութագիրն է՝ ըստ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի, «Ինքը և մանուկ է, և երիտասարդ, և տարեց է, և թոշակառու է, և նոր է ծնվել, և արդեն մահացել է․ այսպիսի հետաքրքիր մարդ է»։
«Ես Նանե Թուսինյանն եմ, 8 տարեկան, եկել եմ ռադիո 4 տարի առաջ և վարում եմ Պստիկաշենը։ Եթե ռադիոն լիներ մարդ, ինձ թվում է կլիներ շատ բարի ու խելացի։ Նա կլիներ կին, կունենար շատ գեղեցիկ ու խելացի տեսք ու շատ գեղեցիկ դեմք կունենար, շատ գեղեցիկ ուղիղ մազերով ու ինձ թվում է՝ ակնոց կդներ, որովհետև շատ մարդկանց ակնոց է պետք»։

Գուցեև առանց ակնոցի, բայց ցանկացած իրադարձություն շատ լավ նկատող ու ուսումնասիրող ռադիոն, եթե իսկապես մարդ լիներ, դժվար մտածեր, թե իր 94-րդ տարեմուտն այսքան լուռ է լինելու։ Նա, հավանաբար, ուրախ կլիներ համախմբել բոլոր ռադիոմարդկանց՝ ամենափոքրից ամենամեծ, սակայն այսօր 300-ից ավելի աշխատակից ունենալով հանդերձ օրական 20-25-ին է ընդունում՝ միայն կենսական անհրաժեշտության դեպքում։
«Երբ որ իմացա, որ մենք մի քանի օր չենք գալու ռադիո, ես շատ տխրեցի ու մտածեցի, որ էլ կյանքում չենք գնալու, բայց հետո միտքս փոխեցի, որ շուտով կգնանք»։
Ավելի մեծերը հեռավար աշխատանքի վերաբերյալ այլ պատկերացում ունեն։
«Հեռավար աշխատանքը այնքանով է հետաքրքիր, որ դու կարողանում ես տարածության մեջ լողալ, դու կարողանում ես հասնել Հայաստանից Ամերիկա, Ամերիկայից Սինգապուր, Սինգապուրից Մալազիա, այսինքն՝ թռիչքը քեզ համար Հարրի Փոթերի նման դառնում է հասնելի ու կաշկանդող ոչ մի խոչընդոտ չի լինում էդ ճանապարհին»,– Գոհար Մարտիկյանի տեսակետն է։
Ռադիոն կիսադատարկ է, աշխատանքը՝ հեռավար։ Պատճառների մասին խոսելն արդեն ժամանակավրեպ է, բայց այ հետևանքները շարունակում են հետաքրքիր մնալ։ Թվում է, թե 2020-ը՝ կորոնատարին, կործանարար է բոլոր ոլորտների համար։ Սակայն ակամայից և արդարացիորեն բացասական տրամադրվածություն առաջացնող տարին կարծես թե Հանրային ռադիոյի վրա այլ ազդեցություն է ունեցել։
«Սա այսպես կոչված վատ տարինէ, որի ընթացքում մեքն գործարկեցինք ևս երկու ռադիոկայան՝ մանկապատանեկան ռադիոընկերությունը և մշակութային ռադիոկայանը։ 2020–ը կրկնապատկման տարի էր մեզ համար։ 2020–ը հիշվելու է որպես վիդեոկոնտենտի ծավալների աննախադեպ առաջխաղացման տարի, 2020–ը հիշվելու է որպես ցանցում հանրային ռադիոյի աննախադեպ աճի տարի։

Կործանարար թվացող ներկան մինչ այս պահը բացարձակապես անզոր կամ անվերապահորեն մեծահոգի է հանրային ռադիոյի նկատմամբ։ Ռադիոմարդիկ շարունակում են աշխատանքը ներկայում՝ ապագայի հավակնոտ պլանների իրականացման վերաբերյալ անվերապահ վստահություն ունենալով։
«2 տարի հետո արդեն կարծում եմ մենք լինելու ենք մեծ Առաջավոր Արևելքի ու Արևմտյան Եվրոպայի լավագույն հեռարձակողներից մեկը։ Ես դույզն ինչ չեմ կասկածում էդ հարցում, որովհետև գիտեմ, որ մեր 300 գործընկերները էդ ուղղությամբ աշխատում են` բոլորն էդ պատկերացումն աչքի առաջ ունենալով»,– Գարեգին Խումարյանն է պատմում։
94 ամյա ծերուկ, երիտասարդ և երեխա, ակնոցներով կին, նոր ծնված, արդեն մահացած, ժամանակ ու տարածություն չճանաչող Հանրային ռադիոն հավանաբար գոհ է։ Կիսադատարկ, լուռ, բայց գոհ։ Ռադիոն գիտի՝ ինքը հավերժ է։ Հաստատ գիտի, որ դեռ շատ տարիներ սեպտեմբերի մեկին՝ աշխատանքային ժամին, իր դատարկ, կիսադատարկ կամ լեփ-լեցուն միջանցքներով քայլողները հիշելու են 1926 թվականի այդ օրը, որոշեն անցյալ-ներկա-ապագա շրջայց կատարել։
Գիտի, որ դեռ հավերժի չափ երկար հնչելու է «Երևանն է խոսում»։




