ԿարևորՀասարակություն

Բուհում միայն առաջին կուրսեցիներն են

Ծաղիկների փոխարեն դիմակ, փուչիկների փոխարեն ալկոգել, իսկ առաջին գնահատականի փոխարեն ջերմաչափ ու ջերմաստիճան։ Այսօր սեպտեմբերի մեկն է, բայց մենք կարողացել ենք առավոտյան առանց խցանումների հասնել աշխատանքի։ Գիտելիքի օրն է, բայց այսօր գիտելիքի հետևից բուհ կամ դպրոց գնացողները շատ քիչ են, միայն ուսանողները, այն էլ` միայն առաջին կուրսեցիները։

5 ամիս հետո համալսարանում շունչ կա, բայց շունչը կիսատ է, աժիոտաժը լուռ է ու տագնապով լի։ Նույն կուրսում սովորողները իրար չեն տեսնելու, բայց սովորելու են նույն կուրսում, հանդիպելու են շաբաթը 2 անգամ, այն էլ սոցիալական հեռավորության վրա։

Նույն հեռավորության վրա էլ  համալսարանի բակում  հանդիպեցի Ադրինե Սաղաթելյանին։ Այս տարի է ընդունվել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Այն երջանիկներից է, որ սեպտեմբերի 1-ին դիմակով, բայց եկել է համալսարան, ջերմաչափվել ու սոցիալական հեռավորության վրա ծանոթացել նոր անծանոթ աշխարհի հետ։

«Իմ սեպտեմբերի 1-ը պատկերացնում էի ավելի ճոխ, ավելի հետաքրքիր, բայց քանի որ կարանտինի պայմաններում այլ բան անել հնարավոր չէր, բավականին թեթև է անցնում։ Ես սպասում էի, որ գալու եմ, շատ մարդիկ են լինելու` իմ դպրոցական ընկերներն են լինելու, մենք միասին ժամանակ ենք անցկացնելու, բայց այս վիճակում ոչ մի ընկերուհուս հետ ժամը չի համապատասխանում, որ հանդիպենք։ Էդ պատճառով տխուր եմ»։

Ադրինեն շտապում էր, իրենց ֆակուլտետի մասնաշենքի դիմաց ֆակուլտետի դեկանը ողջունում է, ու հետո հերթով, փոքր խմբերով ներս են մտնում։ Ներսում երկար չեն մնալու, պայմանավորվում ենք, որ նորից ենք զրուցելու․ այս անգամ, արդեն ստացած տպավորությունների մասին։

Ադրինեն համալսարանում էր ժամը 11–ին, իսկ հարևան ֆակուլտետի նորեկ Անգելինա Չոբանյանը համալսարանում պետք է լիներ ժամը 12–ին․մասնաշենքերը մոտ են, պետք է կուտակումներ չլինեն։ Բայց կուրսեցիներով նախապես սոցիալական ցանցերում ծանոթացել են ու պայմանավորվել, որ եթե նույնիսկ համալսարանում ամբողջ կուրսով չեն հանդիպելու, համալսարանից դուրս բացօթյա հանդիպում անպայման կլինի։

«Համալսարանական կյանքը պետք է սկսվի համալսարանից․ ուշանալ, լսարան կորցնել և այլն, ու հիմա մենք այդ հիշողությունները չենք ունենալու․ դրա պատճառով շատ տխուր եմ ու չեմ ուզում, որ ինչ- որ մի բան հեռավար լինի։ Չեմ պատկերացնում ինձ ուանող ու համակարգչի առաջ»,– պատմում է Անգելինա Չոբանյանը։  

«Երբ եկա համալսարան` առաջինը նկատեցի ու աչքի ընկավ,  որ այնքան մարդաշատ չէ, ինչքան որ միշտ է լինում»

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասիրյանն է պատմում երբ եկավ համալսարան, առաջինը նկատեց, որ համալսարանի բակը այնքան մարդաշատ չէ, որքան միշտ է լինում, բայց վստահեցնում է, որ դիմակները չեն խանգարել իրեն նկատել, որ ուսանողների երջանկությունը նույնն է, ինչ նախորդ տարիներին։

«Ես կարծում եմ, որ, շաբաթական երկու օր մասնագիտական դասերը համալսարանում կազմակերպելով, մենք կկարողանանք կրթությունը արդյունավետ դարձնել նաև համալսարան նոր մուտք գործած ուսանողների համար»։

Իսկ արդեն բարձր կուրսեցիների համար համալսարանի դռները կբացվեն սեպտեմբերի 15-ից։ Պրոռեկտոր Էլինա Ասիրյանն ասում է` նրանց համար հեռավար ուսուցումը նորություն չէ, բայց այս կիսամյակ, ի տարբերություն նախորդի, ամեն ինչ էլ ավելի համակարգված կլինի։ Օնլայն դասերի հետ մեկտեղ կկազմակերպվեն նաև օֆլայն դասեր համալսարանում, այն պայմանով, որ նույն մասնաշենքում միաժամանակ չեն լինի 150–ից ավելի ուսանողներ, իսկ նույն լսարանում ոչ ավելի քան 30 ուսանող։

Ադրինեի ու Անգելիանայի համար առաջին համալսարանական օրն ավարտվեց, նորից հանդիպեցինք ու ժամանակն է տպավորություններով կիսվելու։

«Բավականին ջերմ ընդունելությունից հետո գնացինք նստեցինք լսարանում, խոսեց  դեկանը, ամբիոնների վարիչները, շնորհավորեցին, ներկայացրին ֆակուլտետի կառուցվածք։ Առաջին անգամ դեկանատ մտա, հետո պարզվեց որ ամսի 4-ին առաջին անգամ հենց հեռավար ենք դասի լինելու․ տխրեցի, բայց հուսանք, որ լավ կլինի ու անպայման հետ կգանք համալսարան,  կմասնակցենք առկա դասընթացի»։

Ադրինեն պատմում է, որ ուսանողներով փորձել են ամեն ինչով օգնել ֆակուլտետի ղեկավար կազմին․ խոստովանում է` շատ բարդ էր 200 հոգանոց կուրսի պարագայում կազմակերպել ու ապահովել բոլոր կանոնների պահպանումը։

Դիմակով, ալկոգելով, ջերմաչափով ավարտվեց առաջին համալսարանական կամ լուռ գիտելիքի օրը։ Կհանդիպենք վաղը օնլայն, օֆլայն կամ սոցիալական հեռավորություն վրա։

Կարդացեք նաև

Back to top button