
Շախմատի միջազգային ֆեդերացիային թվիթերում և ֆեյսբուքում քննադատել են շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը և Գաբրիել Սարգսյանը:
Շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադան, որը պետք է անցկացվեր Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում, համավարակով պայմանավորված, այս տարի կայացավ օնլայն հարթակում:
Հայաստանի հավաքականը Օլիմպիադայում դուրս եկավ ¼ եզրափակիչ, սակայն Հնդկաստանի թիմի հետ դիմակայության առաջին փուլում պարտություն կրեց: Մեր պատվիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր էր եղել, ինչի պատճառով նա չէր կարողացել քայլ անել: ՖԻԴԵ-ն չբավարարեց բողոքարկումը։ Հայաստանի թիմը բոյկոտեց եւ հրաժարվեց հետագա պայքարից։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը թվիթերյան գրառումով տեղեկացրեց, որ որպես թիմի առաջատար ինքը բավարարված չէ ՖԻԴԵ-ի որոշումից:
«Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք ավելի քիչ են անջատված ինտերնետից, քան մյուսները»,- թվիթերում նոր գրառում է արել Լեւոն Արոնյանը։
I guess like always some of are less disconnected that the others #1984
— Levon Aronian (@LevAronian) August 30, 2020
«ՖԻԴԵ-ում իսկապես կարծում են, որ իրենք ամենախելացի՞ն են, իսկ մյուսները ապուշ են։ Ամոթ եւ խայտառակություն նրանց՝ իրենց փչացած եւ գարշահոտ գործունեությամբ։ Այս ամենից հետո նրանք պետք է հրաժարական տան։ Սա մեծ խայտառակություն է շախմատի համար»,- թվիթերում գրել է Էլինա Դանիելյանը։
They #fide really think that they are the cleverest,smartest and the rest just idiots??? SHAME on #fide and their crappy and smelly work. They have should resign after all what happened!!! It’s a big shame for entire chess!!!
— Elina Danielian (@Elinachess) August 30, 2020
«Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ եւ Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»,- ֆեյսբուքում գրել է Գաբրիել Սարգսյանը։
Եզրափակիչում հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը։ Առաջին ռաունդում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։15 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկեց վերջին երկու պարտիաները chess.com-ի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով։ Այդ պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։ ՖԻԴԵ-ն որոշեց երկու թիմերին էլ ճանաչել հաղթող, թեեւ բողոքարկման բավարարման դեպքում, պետք էր շարունակել պարտիաները ընդհատման պահից։




