ԿարևորՀասարակություն

Հայկական թարմ մրգին սպասում են նաեւ ԱՄՆ-ում

Մեղրիի ամենահարավային հատվածում է Իշխան Ասլանյանի այգին։ Արաքս գետի հարևանությամբ 1 հեկտարանոց այգին արդեն 10 տարեկան է։ Արքայանարնջի ծառերն ու թզենիներ տարեկան մինչեւ 10-12 միլիոն դրամի եկամուտ են բերում։ Մեղրու գինու գործարանի տարածքում Իշխանն ունի նաև արտադրամաս, որտեղ թարմ պտուղը փաթեթավորվում է և արտահանում։ Առայժմ Ռուսաստան, շուտով, հուսով է, օվկիանոսից այն կողմ։

Ոտնահետքերը մեզ տանում են մի վայր, որտեղից շատ պարզ երևում է Մայր Արաքսը, լսվում է նրա մտամոլոր ձայնը։

Սյունիքի հարավային սահմանապահ Մեղրիում ենք` Իշխան Ասլանյանի այգում։ 

«2010 թվականից եմ հիմնել այգիները, գնել եմ չորս տարբեր ֆերմերներից, որոնք չէին մշակում իրենց հողատարածքները։ Միակ ծառը, որ փրկվել է, այս թթենին է։ Ընդ որում` փրկել են հարևանները։ Դրա համար թթենին թողեցի սահմանից դուրս։ Ըստ մեր հայկական սովորության` թթենին բոլորինն է,  թթենու համար վեճ չլինի»։

Թթենին այգու սահմաններից դուրս է, իսկ մոտ 1 հա այգու ներսում կան 160 արքայանարնջի և մշտականաչ 120 և ավելի թզի ծառեր։

«Այս տարի թզի առատ տարի է Մեղրիում, շատ-շատ առատ թուզ է, այսպիսի տարի հազվագյուտ է եղել»։

Նախորդ տարիներին օրական ամենաշատը 700 կգ պտուղ էր մտնում արտադրամաս, այս տարի արդեն մեկ ու կես տոննա։ 10 տարեկան այգին Իշխան Ասլանյանին տարեկան բերում 10-12 միլիոն դրամ եկամուտ։

«Սա իտալական սորտի թզենի է, որ հիմնականում օգտվում ենք առաջին բերքից։ Մեկ կիլոգրամը մոտ 2 հազար դրամ մթերման արժեքն է, որն ավելի թանկ վերավաճառվում է արտերկրում»։

Նկատեցինք, որ թզենիները ցածր են էտված։ Իշխան Ասլանյանը բացատրեց, որ այդպես հեշտանում է բերքահավաքը։ Մեր աչքից աննկատ չմնաց նաև թզենուն մագլցած խարտյաշ աղջիկը։ 17- ամյա Արմինե Քոսյանն է, գրեթե ամեն օր արևածագը այգում է դիմավորում։ «Առավոտ ծեգին, ժամը 5։30-ին արթնանում ենք և գալիս ենք, հավաքում ենք Մեղրու քաղցրահամ թուզը, տանում արտադրամա»։

Հավաքելուց հետո սև և սպիտակ թուզը դույլով տեղափոխվում է փաթեթավորման արտադրամաս, որը գտնվում է Մեղրու գինու գործարանի տարածքում։

Իշխան Ասլանյանի ընտանիքը 20 և ավելի տոկոս բաժնեմաս ունի արտադրամասում, ամենահին շինությունը իր ուժերով է նորոգել, կարգի բերել։ 


«Փաթեթավորումները անում ենք տարբեր տեսակի` կախված պատվիրատուի պահանջներից։ Այսպիսի կեքսի թղթերով թուզը փաթեթավորվում է և ուղարկվում արտերկիր։ Բայց այսօր առավոտյան այլ գնորդ է պատվիրել մեզ և մենք փաթեթավորում ենք պլաստմասայից արկղերի մեջ է՝ առանց կեքսի թղթերի»։

2016-ից սկսվել է Ռուսաստան արտահանումը։ Իշխանն Ասլանյանն ասում է, որ թարմ պտղի պահանջարկ կա նաև ԱՄՆ-ում։

 «Չոր միրգը մենք արտահանում ենք ԱՄՆ և Արաբական Էմիրություններ, իրենք շատ են հավանել Մեղրու պտղի քաղցրությունը և հետաքրքրված են նաև թարմ մրգով։ Հիմա մտածում ենք փոխադրելու տեխնոլոգիաները ոնց գտնենք, ոնց փոխադրենք»։

Իշխան Ասլանյանը հուսով է, երբ թագավարակը նահանջի ու ճանապարհները բացվեն, թարմ պտուղը կարտահանի նաև Միացյալ Նահանգներ։

Կարդացեք նաև

Back to top button