ԿարևորՄշակույթ

Ալեքսանդր Աճեմյան-95․ «Աշնան քարավանը» նրա կարապի երգն էր

Ժամանակակից կոմպոզիտորական համաստեղության ամենալուսավոր երևույթներից մեկը․ նրա մասին այսպես է արտահայտվել մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը։ Ալեքսանդր Աճեմյան, հայ կոմպոզիտոր, հինգ սիմֆոնիաների հեղինակ, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի գործեր՝ «Սասունցի Դավիթ», «Յոթ երգ Հայաստանի մասին»: Նրա գրչին են պատկանում նաև «Հովվերգական սիմֆոնիետ», «Ռեքվիեմ», Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարքը։ Ալեքսանդր Աճեմյանին հոգեհարազատ էր նաև երգի տարերքը։  Այսօր մեծանուն կոմպոզիտորի 95-րդ տարեդարձն է։

1925 թվականի օգոստոսյան այս օրը  Թիֆլիսում ծնվեց  կոմպոզիտոր,  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանը։ Այսօր նրա 95-րդ տարեդարձն է։ Ալեքսանդր Աճեմյանը քնարական բազմաթիվ երգերի հեղինակ է, նաև հայ երաժիշտներից առաջինը, որը  սիմֆոնիկ նվագախումբ մտցրեց մարդկային ձայն՝ սոպրանո։

Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործությունները  ոչ միայն ամենասիրվածներից են, այլև ունեն ամենամեծ ծավալը, տեղեկացրեց Ռադիոյի ոսկե ֆոնդի թվայնացման աշխատանքների պատասխանատու,  երաժիշտ Արթուր Իսպիրյանը։

«Այդ  առումով  Ալեքսանդր Աճեմյանին կարող ենք համարել ռեկորդակիր․․․»։

Ռուբեն Մաթևոսյանը Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործությունների լավագույն կատարողներից է, հենց նրա երգով էլ ժամանակին հայտնի դարձավ։ Ասում է՝ սիրելի՛ Ալյոշա, երբեք դա չեմ մոռանա։

«Չէ՞ որ  քո երգով ես առաջին անգամ հեռուստատեսությունից ճանաչված մարդ դարձա։ Դա 1961 թվականի նոյեմբերի 5-ն էր, առաջին անգամ իմ դեմքը երևաց էկրանին, երբ ես երգեցի քո «Լեռան աղջիկ» երգը»։  Մեր ընկերությունն ու բարեկամությունը հավերժեց մինչև քո կյանքի ավարտը»։

Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ՝ Աճեմյանի  «Աշնան քարավան» երգն էլ, ցավոք,  դարձավ կոմպոզիտորի կարապի երգը։

Ալեքսանդր Աճեմյանը  հայ բեմի մեծագույն վարպետներ Վարդան Աճեմյանի և Արուս Ասրյանի որդին է, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի հայրը։ Վերջինը խոստովանում է՝ ինչպես հայրն էր ժամանակին հպարտանում  իր ծնողներով,  այնպես էլ ինքն է այսօր մեծ հպարտությամբ հիշում իր հայրիկին։

«Ես նրան միշտ հիշում եմ իր գործիքի մոտ, որտեղ ստեղծագործում էր և գրում իր հիանալի երգերը։ Ցավոք, նրա սիմֆոնիկ ստեղծագործություններն այսօր չեն կատարում։ Շատ ուրախ եմ, որ երիտասարդները հաճախ անդրադառնում են նրա երգերին, որոնք արդեն 50-60 տարի չեն ծերանում»։

Կարդացեք նաև

Back to top button