Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվել է պատարագ՝ Վրաստանի անկախության տոնի առթիվ


2013 թ. մայիսի 26-ին, Վրաստանի Անկախության օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վիրահայոց թեմի Իրավական բաժնի ղեկավար ու Վիրահայոց թեմի առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը ներկա են գտնվել Բազալեթի զբոսաշրջային համալիրում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից կազմակերպված տոնական ընդունելությանը, հայտնում են Վիրահայոց Թեմի մամլո դիվանից։
Նրանք Վրաստանի Անկախության տոնի առթիվ հայ հավատացյալների և հոգևոր դասի անունից շնորհավորել են վարչապետին և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին, ով նույնպես ներկա էր տոնահանդեսին:
Նույն օրը Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները մասնակցել են Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին, իսկ վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվել է տոնական պատարագ: