ԿարևորՀասարակություն

Առկա՞, թե՞ հեռավար․ բուհերը՝ հիբրիդային ընտրության առաջ

Գրեթե 9200 երիտասարդ պիտի միացներ համակարգիչն առաջին անգամ համալսարան մտնելու համար։

Սեպտեմբերի 1-ին նրանք պիտի արթնանային, համալսարան գնալու փոխարեն հյուրասենյակ գնային, լսարանի դուռը բացելու փոխարեն բացեին համալսարանական կայքէջը, առաջին անգամ ներկայանային ու ձայնը փոխանցվեր ոչ թե ձայնային ալիքների, այլ 0-ների ու 1-երի միջոցով։

Սա սեպտեմբերյան հավանական սցենարներից մեկն էր մինչև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը․  «Բուհերը նույնպես կբացեն դռները։ Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից»:

«Հեռավար կրթությանը էդքան էլ վատ չեմ վերաբերվում, քանի որ ես ապագա բժիշկ եմ՝ չեմ կարծում, որ հեռավարը կկարողանա ապահովել այն մակարդակը, որը տալու էր առկա կրթությունը տետատետ սովորելիս։ Որովհետև մեր պարագայում պետք են պրակտիկաներ, շփում, որպեսզի կարողանաս հասկանալ քո մասնագիտության բուն էությունը,- ասում է Կարինա Շահրերյանը։

Կարինան Z սերնդի ներկայացուցիչներից է՝ ծնվել է 21-րդ դարում, մեծացել համացանցի զարգացմանը զուգահեռ։ Կյանքի կարևոր շրջափուլերից մեկն էլ՝ դպրոցականից ուսանող անցումը, օնլայն է կատարել։ Իսկ հիմա, երբ արդեն պաշտոնապես Բժշական համալսարանի «բուժական գործ» ֆակուլտետի ուսանող է, անհամբերությամբ է սպասում ուսանողական կյանքի մեկնարկին․

«Դե ուսանողական կյանք, այսինքն՝ առավոտյան արթնանալ, պատրաստվել, դուրս գալ, դասի նստել, հետո արդեն ընկերական շրջապատի հետ որոշ ժամանակ անցկացնել, որովհետ միայն հիմնվել դասերի վրա և մոռանալ մնացածը, ինձ թվում է անհիմն կլինի, որովհետև հետագայում մասնագետ պիտի դառնաս ու դրա հետ միասին պիտի նաև շրջապատ ունենաս։ Հետևաբար և դասապրոցեսս, և հետագայում նաև ընկերական շրջապատ»:

Կարինան վստահ է՝ ուսանողին ուսանող զգալու համար համալսարան է անհրաժեշտ։ Մարդիկ, շատ ու թեկուզ անծանոթ մարդիկ, ակադեմիական միջավայր, ջահելներին բնորոշ տրամադրություն։ Իսկ դա էկրանից փոխանցելը գրեթե անհնար է։ Սա, ի դեպ, միայն սովորողների համոզմունքը չէ․ սովորեցնողները ևս այդպես են կարծում․

«Ոչ միայն իմ, այլ կարծում եմ, որ շատ-շատ դասախոսների համար չափազանց կարևոր է ուսանողների հետ չմիջնորդավորված շփումը, և ամեն անգամ ուսանողնեի հանդիպելիս համալսարանում դասախոսները մեծ էներգիա և մեծ տոնուս են ստանում, որը որևէ կերպ համացանցային հաղորդակցումը փոխարինել չի կարող»:

Սա ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Սաթեն Գրիգորյանի կարծիքն է։ Որպես հավելում նշում է․ 

«Բացի այդ ինչ վերաբերում է շփումից զատ նաև դասպրոցեսսին ցանկացած հաղորդակցում ուսանողի հետ լսարանային պայմաններում առավել առարկայական է դարձնում գիտելիքի մատուցումը, որովհետև ակտիվ և կենդանի շփման պայմաններում ստացած գիտելիքը լրիվ այլ ազդեցություն է ունենում մարդու վրա, իսկ միջնորդավորված, համացանցային- հեռավար կրթությունը՝ լրիվ այլ»:

Մինչ ուսանողներն ու դասախոսները ոգևորությամբ սպասում են ուսանողական աժիոտաժի վերսկսմանը, համալսարաններում մեկ այլ աժիոտաժ է սկսվել․ ղեկավարությունը որոշում է կայացնում։ Նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը «բուհերը նույնպես կբացեն իրենց դռնելը» արտահայտությամբ չէր սահմանափակվել։ «Բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար»․–ասվում է հայտարարության մեջ։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Կարինայի և մյուս բոլոր ապագա բժիշկներին տեղեկացնում է՝ ուսանողները համալսարան գալու են։ Դասապրոցեսսի 80 տոկոսը կազմակերպվելու է առկա ուսուցմամբ․

«Այս պահի դրությամբ եթե համաճարակային այս իրավիճակը պահպանվի, այսինքն չունենանք դեպքերի ավելացում երկրում, բժշկական համալսարանը հիմնական մասնագիտական առարկաները կանի առկա ուսուցման ձևով՝ պահպանելով բոլոր հակահամաճարակային պայմանները, իսկ ոչ մասնագիտական առարկաների համար հիմա քննարկվում է հեռավար ձևաչափը»:

Եթե ուսանողները հիմա շենքում լինեին, կտեսնեին՝ ինչպես են իրականանում իրենց դիմավորելու նախապատրաստական աշխատանքները․ համալսարանի բոլոր հատվածներում ախտահանիչ նյութեր են տեղադրվում, սանհանգույցներում փոփոխություններ են արվում՝ տեղադրվում են սենսորային ծորակներ, ընտրվում են մարդիկ, որոնք մուտքերի մոտ ջերմաչափում են իրականացնելու, 3 հոգանոց խմբերով հերթապահելու են բոլոր հարկերում՝ հնարավոր կուտակումները բացառելու համար։ 

Իսկ Երևանի պետական համալսարանը խոստանում է՝ բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվելու է համալսարանի էլեկտրոնային փոստի միջոցով: Ժամկետներ, սակայն, չեն նշվում։ ԵՊՀ տարածած պաշտոնական հայտարարությունից տեղեկանում ենք, որ այստեղ ևս դասերն իրականանալու են և՛ առկա, և՛ հեռավար տարբերակներով։

Դասախոս Սաթեն Գրիգորյանը կանխատեսում է հավանական բարդությունները․

«Այստեղ, կարծում եմ, կբախվենք որոշակի խնդիրների, որովհետև մարդիկ չափազանց շատ ընկղմվեցին վիրտուալ իրականություն, և այնտեղից դուրս գալը բավականին դժվար է լինելու։ Բայց ամեն դեպքում վստահ եմ, որ մենք հաջողելու ենք, և դասախոսների ու ուսանողների միջև իրական շփումը մեզ է վերադարձնելու մեզնից «խլված» մի քանի ամիսը, երբ ստիպված էինք աշխատել տնից»:

Կարինան, ուսանող դարձած մոտ 9200 ջահելներն ու դասախոսները հանդիպման են սպասում։ Թեկուզ դիմակով, իրարից հեռու, անհպում։ 

Կարևորը արթնանալիս ոչ թե հյուրասենյակ, այլ համալսարան գնան, 0-ներն ու 1–երը գրվեն ոչ թե համակարգչային մեխանիզմներում, այլ օրինակ գրատախտակներին, աչքերը դադարեն վիրտուալ լինել, իսկ լսարաններում հնչի ձայն, ամենաիսկականը՝ բարձր, հստակ ու չմիջնորդավորված։

Կարդացեք նաև

Back to top button