
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով հիմնանորոգվում է Միջպետական Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի 364-374 կմ ճանապարհահատվածը։ Կապալառուն Մեղրու ճանշինն է։
Այգեձորի խաչմերուկից մինչև Մեղրի ընկած հատվածը վերանորոգվում է 20 տարվա դադարից հետո։ Ճանապարհը շարքից գցում են նաև բեռնատարները, որի համար էլ նախարարությունը միջոցներ է ձեռնարկել․ շուտով կշեռքներ կդրվեն։
Այգեձորի խաչմերուկից մինչև Մեղրի ընկած ճանապարհահատվածը 20 տարի է նոր ասֆալտ չի տեսել, երկու տասնյամյակների ու նաեւ երթեւեկողների ծանրությունից դարձել է անհարթ ու դժվարանցանելի։

Այժմ հիմնանորոգվում է։ Տեխհսկիչ Գուրգեն Գրիգորյան․ «Աշխատանքները կատարվում են բնականոն հունով։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե պատվածքի սառը վերամշակում՝ 20 սանտիմետր խորությամբ, մեկ մետր քառակուսում 16 կգ ցեմենտի ավելացումով»։
Բազմամյա վարորդ Սամվել Արզումանյանը պատմում է․ «Գործի բերումով շատ եմ այս հատվածով անցնում։ Շատ ողջունելի է, որ սարքում են, ամեն անգամ անցնելով մեքենայի մի բանը փչանում էր։ Շատ լավ են անում»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է պատվիրել հիմնանորոգել Միջպետական Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի 364-374 կմ ճանապարհահատվածը։ Կապալառուն Մեղրու ճանշինն է։ Փռվող ասֆալտը կունենա ներքին 6 սմ և վերին 4 սմ հաստություն։ Մեղրու ճանշինի գործադիր տնօրեն Ազատ Գասպարյանն ասում է՝ իրականացվել է նաև լրացուցիչ աշխատանք։
«Լեհվազ համայնքի ոռոգման համակարգն ենք տեղափոխել, որովհետև ճանապարհի առանձին հատվածում լուրջ վտանգ էր ներկայացնում։ Ճահճային տեղամասերում ցամաքորդներ ենք կառուցել, հարթաչափ քարերով հողային նոր պաստառ ենք ստացել , որպեսզի ծանրաքարշ մեքենաներով երթևեկությունը ճանապարհի վրա ազդեցություն չունենա գոնե առաջիկա 5 տարիներին»։

Ճանապարհը շարքից գցում են նաև բեռնատարները, սյս ճանապարհով օրական 200-300 ծանրաքարշ մեքենա է անցնում, որոնց պարունակությունը 10 տոննա է, մինչդեռ գերազանցում է 25 տոննան։
Ազատ Գասպարյան. «Դրա համար միջոցառումներ մշակել են, շուոտվ կշեռքներ են դնելու, սահմանաչափեր են սահմանելու։ Տարածքային կառավարման նախարորությունն է հարցը բարձրացրել»։

Աշխատանքների մեկնարկը տրվել է հուլիսի 16 –ին, նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 10-ին։ Ներդրվել է մեկ միլիարդ 12 միլիոն դրամ։




