ԿարևորՀասարակություն

Զարթոնքում նոր մանկապարտեզ են կառուցելու

Այս տարի Արմավիրի մարզում կրկնակի ավելացել  են կառավարության համաֆինանսավորմամբ  իրականացվող ծրագրերը: Ընդհանուր առմամբ 61 համայնքում հաստատվել է  սուբվենցիոն 77 ծրագիր, անցած տարվա 30 համայնքում կատարված 36 ծրագրերի դիմաց: Ոլորտները տարբեր են՝ սկսած ճանապարհաշինությունից մինչև բազմաբնակակարան շենքերի տանիքների հիմնանորոգում: Այս տարի համայնքներում կարևորվել է  մանկապարտեզների կառուցումը:

Կառավարություն-համայնք  ֆինանսական համագործակցության արդյունքն արդեն մի քանի տարի շոշափելի ու տեսանելի է դարձել Արմավիրի մարզի  համայնքներում: Այս տարվա սուբվենցիոն  ծրագրերով մի քանի համայնքներում կառուցվելու և հիմնանորոգվելու են  նոր մանկապարտեզներ, որոնց իրականացման համար առանձնացվել է 9 ծրագիր՝  գրեթե 810 մլն դրամ արժեքով:  Զարթոնք գյուղի կենտրոնում անցած տարի աշնանը նկատել էր մանկապարտեզի երկհարկանի շենքը: Կառույցը երկար տարիներ  անտարբերության էր մատնվել համայնքապետարանի կողմից  և չէր  շահագործվում, իսկ անձրևներն ու ձնհալն էլ  իրենց սև գործն էին  արել՝ շենքը  դարձրել վթարային:

Համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանն ասում է. «Տարիներ շարունակ ջուրը ավերել էր, բոլոր պատերը տրաքել էին, մեջտեղի սյուները, պանելը, շենքն արդեն առանձնացել էր իրարից և հնարավոր չէր ամրացնել ու վերականգնել: Դրանց համար ավելի շատ ծախս էր պահանջվելու, քան նորը կառուցելու»:

Գյուղի երեխաներից  քչերը  ստիպված  հաճախել են Մեծամոր քաղաքի և հարևան  գյուղի մանկապարտեզները: Խաթուն Քեսիմյանի թոռներն այդ քչերի թվում էին.

«Գյուղից մի 5-6 ընտանիք միացել ենք, տաքսիներով կամ ամեն մեկն իր հերթի օրը մեքենայով, ով չունի տաքսիով տարել ենք Մեծամոր, բերել ենք: Մեծամորի մանկապարտեզ են հաճախում»:

Ֆինանսական դժվարություններից ու զբաղվածությունից ելնելով ոչ բոլոր ծնողներն են կարողացել ամեն օր 8-10 կմ կտրել, երեխաներին  առավոտյան հասցնել  Մեծամոր և  ցերեկը ետ  բերել տուն: Տիկին Քեսիմյանը դասվար է և լավ գիտի մանկապարտեզի դերն ու նշանակությունն առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների զարգացման գործում.

«Իմ դասարանն առաջին դասարան է, փոխադրվեց երկրորդ, 30 աշակերտ ունեմ, կեսը եզդի երեխաներ են: Եզդի երեխաների մի մասն էլ է մանկապարտեզ հաճախում՝ Մեծամորի կամ կողքի Եղեգնուտ գյուղի: Մանկապարտեզը մեծ նշանակություն ունի, մանավանդ, եզդի երեխաները հայերեն խոսել սովորելու համար, նիստուկաց սովորելու համար»:

Զարթոնքում հայերի հետ կողք-կողքի աշխատում ու արարում են նաև եզդիները: Գյուղում կա մի թաղամաս, որտեղ բացառապես եզդիներն են ապրում և երեխաները շփվելով միայն իրար հետ՝ հայերեն դժվարանում են խոսել: Այս երեխաների ուսուցման դժվարություններին  առաջինն առնչվում են հենց դասվարները.

«Մի թաղամաս ունենք, որ հայ չի ապրում, առաջ ավելի շատ էր դա զգացվում,  այդ փողոցի երեխաները հայերեն ընդհանրապես չէին կարողանում խոսել, հիմա խոսում են, հասկանում են: Ես միշտ ասել եմ՝ գյուղի դպրոցի դասվարի ու քաղաքի դպրոցի դասվարի աշխատանքի մեջ շատ մեծ տարբերություն կա, որովհետև նրանց երեխաները մանկապարտեզ հաճախած են գալիս, իսկ մերը՝ փողոցից երեխեքին բռնում ենք, բերում դպրոց»:

Խաթուն Քեսիմյանի աշխատանքի բարդ շրջանը սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն է, երբ իր ժամանակը տառերի ուսուցմանը զուգահեռ երեխաներին  դպրոցին ու աշակերտական նստարանին ընտելացնելն ու կրթելն է լինում: Զարթոնքում հիմա մանկապարտեզի շենքից ոչինչ չի մնացել, հիմնովին քանդել են, նորն են կառուցելու: Երկհարկանի շենքի փոխարեն սուբվենցիոն ծրագրով նախատեսվել  է կառուցել միահարկ տիպային շինություն՝ 75 երեխայի համար:   Ծրագրի ընդհանուր բյուջեն 99 մլն 776 հազար դրամ է: Շինարարական  մրցույթն արդեն կայացել է և կառուցապատողն այն իրականացնելու է 163 մլն դրամով:  Մանկապարտեզի կառուցումը գյուղի առաջնային լուծում պահանջող  խնդիրներից է եղել, ասում է համայնքի ղեկավարի տեղակալ  Սուրեն Պողոսյանը.

«Կազմել ենք հնգամյա ծրագիր, առաջին հարցը մանկապարտեզի հարցն է,  2-րդը՝ ճանապարհի, Մեծամորից մինչև համայնք ընկած  6-7 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը, 3-րդը՝ մշակույթի տան հարցը»:

Մշակույթի տունն էլ անմխիթար ու թալանված վիճակում է, մինչդեռ պատմում են, որ նախկինում այն ամենալավ մշակույթի օջախներից մեկն  է եղել, որն ամբողջությամբ ծառայել է իր նպատակին, այսինքն՝ գյուղում մշակութային կյանքը զարգացած է եղել.

«Մեծ բեմահարթակ ուներ, մեծ դահլիճ, սենյակներ: Վերևի հարկում դիսկոտեկ էր, ներքևում՝ բիլիարդի սեղաններ: «Հրաշքների դաշտ» մրցույթ էին անցկացնում, մրցանակներ ստանում: Դպրոցական հասակում շատ եմ մասնակցել մշակույթի տան միջոցառումներին: Թատրոններ էին լինում, ֆիլմերի ցուցադրումներ»:

Մշակույթի տան վերակառուցման համար դեռ  աջակցության որևէ ծրագիր չկա: Առաջարկի դեպքում պատրաստ են համագործակցել:

Կարդացեք նաև

Back to top button