ԿարևորՀասարակություն

Երբ զայրույթը վերածվում է գործի. «Հայփոստը»` բիզնես ներշնչանքի աղբյուր

Աննա Աբաջյանին պետք չէ զայրացնել։ Կնեղսրտի, կմտածի, մեկ էլ կտեսնես՝ փոխարինող նոր բիզնես է ստեղծում։

Ֆեյսբուքյան մի խմբում պատահաբար հայտնվեց։ Մի քանի տասնյակ հազար կին ու աղջիկ հավաքվում, դեսից–դենից էին խոսում, իրար խորհուրդներ տալիս, միասին ժամանակ անցկացնում։

Բայց մի օր ինչ–որ բան լրջորեն զայրացրեց Աննային, լքեց խումբն ու նույն օրը Ֆեյսբուքի հայկական տիրույթում նոր խումբ ստեղծեց։ Այսօր արդեն՝ դեպքից մեկ տարի անց, Աննայի «Բյութի բլոգը» ավելի քան 20.000 հետևորդ ունի։

Էլ ի՞նչ ջահել, հավակնոտ ու սկզբունքային, դա էլ բավական չէ՝ ազգային գենետիկայով «քարից հաց քամելու» սովորությունը ժառանգած մարդ, որ նման հնարավորությունը բաց թողնի։ Եթե այդքան կին հավաքվել, գեղեցիկ լինելուց են խոսում, ուրեմն կարելի է նրանց «գեղեցկություն վաճառել»։

«Զբաղվում եմ օնլայն շոփով ու կոսմետիկայի վաճառքով ու դա իմ հիմնական ֆինանսի աղբյուրն ա համարվում։ Շաբաթական ունենում եմ 60-70 և նույնիսկ ամսական մոտ 200–ից ավելի առաքումներ, որոնք իրականացնում էի հայփոստի միջոցով»։

Թվում էր՝ ամեն ինչ լավ է, բայց մի օր ինչ–որ բան լրջորեն զայրացրեց Աննային։ Նկատեց՝ «Հայփոստ»–ը փոխել է առաքումներ իրականացնելու գնային քաղաքականությունը։

–Օրինակ բերեմ՝ 1500 դրամանոց շրթունքի մատիտի համար ես չեմ կարող վճարել 300 դրամ առաքման գումար իմ գրպանից։ Էն ժամանակ դրան տալիս էի 120 դրամ ու սիրով, նույնիսկ կոնֆետներով ուղարկում էի իմ հաճախորդին։ Վերջին առաքումը, երբ մեկ օրում 12 ծանրոց ուղարկեցի մարզեր, կազմեց 13.500 դրամ, սակայն առաջ ես դրան վճարել եմ 5-6.000 դրամ։ Այսինքն՝ գնայինը 70 տոկոսով ինձ վրա զգացնել տվեց։

Աննան բարկացավ, նեղսրտեց, մտածեց ու հաջորդ առավոտյան պատվերները վերցնելով «Հայփոստ» գնալու փոխարեն նստեց մեքենան հստակ որոշած՝ երևանաբնակների առաքումները ինքն անձամբ տեղ կհասցնի։ Մինչ քաղաքի մի ծայրից մյուսն էր գնում՝ փոստատարի առաքելությունը ստանձնած, «Հայփոստ»–ից տեղեկացնում էին՝ գնային փոփոխություններ չեն եղել։ Ի դեպ՝ 2001 թվականից, արդեն 19 տարի։

Պարզաբանում է «Հայփոստ» ընկերության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը․

«Ո՞րն է խնդիրը․ մենք ստացել ենք ահազանք, որ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, երբ թեթև առաքանիները, որոնք  մինչև 1 կգ քաշ ունեն, ձևակերպվում և ուղարկվում են որպես թղթային ներդիրով առաքանի, իսկ դա բնականաբար ավելի ցածր գին ունի, քան ապրանքային ներդիրով առաքանին ։ Եվ ստանալով խախտման մասին ահազանգը բնականաբար արդեն ներքին կանոնակարգով հանձնարարական գնաց, որ պետք է օրենքի շրջանակներում և կանոնակարգի համաձայն առաքումներն անեն, ինչի արդյունքում բնականաբար փոփոխություն եղավ»,- ասաց Գնդոյանը։

Աննային պարզաբանումը չբավարարեց․ չհասկացավ՝ ինչպե՞ս կարելի է 19 տարի խախտումներով աշխատել և չիմանալ այդ մասին։

Ամեն դեպքում մի բան հստակ էր․

  • Կա խնդիր, պիտի գտնել լուծում։
  • Կա դժգոհություն, պիտի ինչ–որ բան փոխել։
  • Կա հնարավորություն, պիտի օգտագործել։

Լուծումը, հավանաբար, Աննայի գլխում առաջացավ հաճախորդների պատվերները տնտետուն տանելիս։ Որոշեց՝ եթե չի ուզում օգտվել «Հայփոստ»–ի ծառայություններից, իսկ ուրիշից օգտվել չի կարող (քանի որ դա պարզապես չկա), ուրեմն ինքը կլինի այլընտրանք ստեղծողը։

«Դա սկզբում կլինի փորձնական կերպով, որը կսկսենք սեպտեմբերի 1-ից։ Մոտավորապես 1 ամիսի իր գործառույթը կկատարի ու տեսնելով արդեն արդյունավետությունը ու մնացած շոփերի հետաքրքրությունը մեր ծառայության նկատմամբ, արդեն ավելի լուրջ կմտածենք դրա մասին և ավելի հստակ պայմաններով կներկայացնենք հանրությանը՝ որպես կազմակերպություն»,– նշում է Աննան։

Մինչ «Հայփոստ»–ը համախմբում է իր ուժերը նախկինում գրանցված խախտումները արձանագրելու, չեզոքացնելու և այսուհետ օրենքով սահմանված կարգերը պահպանելով աշխատելու ուղղությամբ, 10-15 օնլայն խանութնի տերեր համախմբվել են այլընտրանքային առաքման ծառայություն ստեղծելու գաղափարի շուրջ։

Ասում են՝ նոր ծառայությունը աշխատելու է «Հայփոստ»–ի նախկին գներով։ Առաքումը կատարելու են Երևանում ու մարզերում։ Աննան ցավով է նշում՝ հենց սկզբից Արցախում առաքում ապահովելը դժվար կլինի, բայց հաջողելու դեպքում այնտեղ ևս հասնելու են։

Արդեն զայրացել է, հետդարձի ճանապարհ չկա։

Կարդացեք նաև

Back to top button