
Հալեպը լուռ մղկտում է իր ցավերի մեջ։ 10 տարվա պատերազմի հետևանքները կրող քաղաքը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ։ Հալեպահայ Երան Զեյթունցյանի բարեկամների ու ծանոթների շրջանում եղել են վարակակիրներ և զրուցակիցս իրավիճակին ավելի մոտիկից է ծանոթ։
«Այսքան տարիներ պատերազմից հետո, երբ մենք ողջ մնացինք ու ապրեցինք Սիրիայում, հիմա կորոնավիրուսի պատճառով մեծ զոհեր ենք տալիս»,- ասաց Երան Զեյթունցյանը։
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ծանր ընթացք ունեցավ հատկապես վերջին երկու շաբաթներին, «Ռադիոլուրի» հետ զրույցում իր հերթին ասաց հալեպահայ մյուս զրուցակիցս՝ Ռազմիկ Թունկյանը։ Վերջին 10 օրերի ընթացքում պարզվեց, որ վարակակիրները մեծ թիվ են կազմում։ Զրուցակիցս հստակ թվեր չհրապարակեց, քանի որ թեստավորման խնդիր կա կոնկրետ հայաշատ Հալեպում։
«Այս իրավիճակի մեջ ընդհանրապես բժշկական համակարգը անզոր է, որովհետև վարակվածների թիվը մեծ է։ Եվ բոլոր բժշկական կենտրոններն այդ հնարավորությունները չունեն։ Դեղագործական մեծ ընկերությունները հումքի խնդիր ունեն, հետևաբար` դեղորայք դեղատներում չկա»,- ասաց Թունկյանը։
Հալեպի ազգային առաջնորդարանի դիվանապետ Քրիստափոր Հապոյանը ավելածնում է` դեղորայքի սղությունը կորոնավիրուսի ընթացքն ավելի է բարդացնում։

«Ներկայումս ամեն տեսակի օժանդակության կարիք կա։ Կլինի նյութական, մարդուժի, թե դեղորայքի։ Ներքին մասշտաբով գաղութի մեջ գտնվող երիտասարդությունը, բարեգործական կազմակերպություններն իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ անում են ժողովրդին ծառայելու համար; Արտաքին օգնությունների պարագայում, ճիշտ է, երկիրը շրջափակման մեջ է, սակայն միշտ էլ ձևեր կարելի է գտնել այդ օգնությունն այստեղ հասցնելու համար»,- նշեց Հալեպի ազգային առաջնորդարանի դիվանապետը։
Հայաստանն արդեն մտածում է կարճ ժամկետում մեր հայրենակիցներին օգնություն ուղարկելու ուղղությամբ, ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը.
«Հիմա մենք հավաքում ենք տեղեկություններ և մտածում ենք թե ինչպես կարող ենք օգնել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այնտեղ խնդիրը հիմնականում կապված է դեղամիջոցների հետ։ Այնտեղ ամենատարրական դեղամիջոցներն անհասանելի են դարձել բնակչության համար և մեր հայրենակիցների համար, որի արդյունքում Քովիդով տառապող անձինք համապատասխան առողջապահական օգնություն չեն ստանում»,- ասաց Սինանյանը։
Հալեպահայ զրուցակիցներիս այսօրվա միակ հույսը Հայաստանի ու սփյուռքի աջակցությունն է։




