
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մինչ բարձրաստիճան պաշտոնյաները բանակցում են գազի սակագնի վերջնական գնի շուրջ, սպառողների իրավունքների պաշտպաններն ու բապահպանները ահազանգում են գազի սակագնի բարձրացման հետևանքով սպասվող վտանգների մասին: Բնապահպան Ինգա Զարաֆյանը հայտարարել է, որ առաջիկա ձմռանը հատվելու են Հայաստանի անտառները, կորցնելու ենք անտառային գենոֆոնդն ու կրկնվելու է այն, ինչ տեղի ունեցավ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին:
Բնապահպանները կրկին անհանգստացած են, պատճառն այս անգամ գազի սակագնի բարձրացումն է, առանց այն էլ սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացիները ձմռանն իրենց բնակարանները տաքացնելու համար սկսելու են լայնամասշտաբ անտառահատումները: Սա արդեն հայաստանյան անտառների վերջն է լինելու: Էկոլուր տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանն արդեն կոնկրետ գիտի, թե թիրախում հատկապես որ մարզի որ անտառներն են լինելու:
«Մենք սպասում ենք առաջինը այս ձմեռվա ընթացքում արդեն Գեղարքունիքի մարզի այն անտառները, որոնք բավականին բարձր են, ու նրանք, ի միջայլոց, հատուկ պահպանողական ֆունկցիա ունենք: Գրեթե ամբողոջությամբ կտրվելու են, քանի որ գազի գինը շատ բարձր է, մարդիկ չեն կարող այդ գազի համար վճարել: Վառելափայտ չեն կարող առնել, որովհետև մեկ խորանարդ մետր վառելափայտն այս ձմեռ արժեր 20-23 հազար դրամ: Քչերը կարող են իրենց համար գնել այս վառելափայտը և օգտագործել: Կտրելու են այն անտառը, որը բնապահպանական մեծ ֆունկցիա ունի՝ հատուկ պահպանվող տարածքներ են ու արգելավայրեր»:
Կորցնելու ենք անտառային գենոֆոնդը, կրկնվելու է այն, ինչ տեղի ունեցավ 90-ականների մութ ու ցուրտ ձմեռներին, կանխագուշակումը կրկին Ինգա Զարաֆյանին է: Հոռետեսական կանխատեսումների համար նա պարզաբանում ունի.«Եթե մարդն ընկնում է ծանր սոցիալական բեռի տակ, ինքն արդեն ոչ մի բանի չի նայի, ուզում ես խստացրու՝ ինքն ասում է՝ ես մրսում եմ, երեխաս մրսում է և վերջ, ոչ մի բանի չի նայի: Մենք կարող ենք կրկնել այդ շատ ծանր տարիները»:
Գրեթե նույն կարծիքին է սպառողների իարվունքների պաշտպան Արմեն Պողոսյանը, ում երեկ չէին հրավիրել խորհրդարան՝ մասնակցելու գազի սակագնի բարձարցման քննարկումներին: Որևէ ծառայության սակագին որոշվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում և որևէ պաշտոնյա իրավասու չէ նախապես հայտարարել , որ գազի գինը կարժենա 156 կամ 159 դրամ: Նրա ասածը կարելի է ի գիտություն ընդունել և միայն այսքանը,- ասում է Պողոսյանը: Այն, որ գազի սակագնի բարձրացումը շղթայական ռեկացիայով բերելու է ամեն ինչի թանկացմանը, գիտի նաև սպառողների իրավունքների պաշտպանը:
Եթե Ինգա Զարաֆյանը անտառային գենոֆոնդի կորստի վտանգ է տեսնում, Արմեն Պողոսյանը կարծում է, որ Հայաստանում հոգեվարքի մեջ է էլեկտրոտրասնպորտը, մինչդեռ կարելի էր Մետրոպոլիտենի կայարաններն ավելացնել ու խթանել ընդհանրապես էլեկտրոտրանսպորտի զարգացմանը.«Քաղաքակիրթ աշխարհի միակ հեռանկարը, էլեկտրոտրանսպորտի զարգացումն է, Մադրիդում վերջին հինգ տարիներին կառուցվել է 74 կմ մետրո, փորձենք պատճառները հասկանալ: Նախ իներցիոն մտածողություն՝ ինչպես հեշտ է, այնպես անել, ամենակարևորը՝ սա ձեռնտու է , մի քանի հոգի կարողանում են ամբողջ շրջանառության կեսը գրպանել, և իրենց ձեռնտու չի, որ մետրոն, տրոլեյբուսը զարգանա»:
Իսկ գազի սակագնի բարձրացման բոլոր բացասական հետևանքները, որքան էլ պատկան մարմինները հավաստիացնեն , թե մեղմելու են, միևնույնն է մեզնից յուրաքանչյուրը սեփական մարմնի վրա է զգալու և ոչ շատ ուշ:




