
«Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունները այսօր հանդես են եկել միասնական ասուլիսով, միասնական քայլի առաջին արդյունքն են ներկայացրել և խոսել ապագա ծրագրերից։
Վերջին շրջանում շատ էր շրջանառվում տեղեկությունը, թե տարբեր հարցերի շուրջ այս ուժերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ և եռյակի համագործակցությունը չի ստացվում։ Այսօր եռյակը հայտարարել է ընդլայնվելու ցանկությունների մասին։ Օրակարգային ուշագրավ փոփոխություններ նույնպես եղել են։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է հերթական անգամ բոյկոտել ԱԺ նիստը։ Այս քաղաքական ուժն այս անգամ չի մասնակցի խորհրդարանի այն նիստին, որի ընթացքում քննարկվելու և քվեարկության է դրվելու Սահմանադրական դատարանի դատավորի 3 թեկնածուների հարցը։ Հերթական բոյկոտի հիմնավորումը ներկայացնում է խմբակցությունից պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մենք ի սկզբանե նշել ենք, որ այս ամբողջ գործընթացը, որը մեկ տարի շարունակ իրականացվել է, կյանքի և մահվան գնով փորձ արվեց բռնազավթել ՍԴ–ն, այս ամբողջ գործընթացը մենք, բնականաբար, որակել ենք որպես հակաօրինական և հակաիրավական։ Մենք մեր մասնակցությամբ չենք պատրաստվում օրինականացնել այս գործընթացը, որովհետև այս դեպքում ցանկացած տեսակի մասնակցություն՝ անկախ դատավորների կենսագրությունից, անցած ճանապարհից կամ նրանց որակական, մասնագիտական հատկանիշներից, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կողմից նշանակում է օրինականացնել այս հակաօրինական գործընթացը։ ԲՀԿ դիրքորոշումը այս հարցի հետ կապված այսպիսիսնն է»,- ասում է Տոնոյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում դեռ չեն որոշել, թե ինչ են անելու ՍԴ դատավորներին առնչվող նիստին։ Մեկ ամիս առաջ ԼՀԿ–ն մտադիր էր Սահմանադրական դատարանում վիճարկել ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, որով ազատվել էին ՍԴ նախկին դատավորները։ Տարոն Սիմոնայն․

«Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվեցին, դրանք ի խախտումն ՀՀ Սահմանադրության էին։ Եվ այդ խախտումները մի քանի ուղղությամբ են տեղի ունեցել»։
Այս ամենից ելնելով հավանական է, որ «լուսավորականները» նպատակահարմար չհամարեն մասնակցել Սահմանադրական դատարանի թափուր տեղերը լրացնելուն ուղղված քննարկումներին և քվեարկությանը։ Այս առումով հստակություն դեռ չկա։
Միասնականություն չկա նաև խորհրդարանական մեծամասնության շարքերում, քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասի համար վիճահարույց են առաջադրված թեկնածուները։ ԱԺ–ում ՍԴ դատավորների ընտրության հարցի օրը դեռ հայտնի չէ։ Խորհրդարանն այս պահին արձակուրդում է, ըստ օրացույցի՝ հերթական նիստերի շաբաթը սկսվելու է սեպտեմբերի 14–ին, իսկ արտահերթ նիստի մասին դեռ որևէ տեղեկություն չկա։
Մինչև արձակուրդը և փաստացի արձակուրդներից հետո խորհրդարանի տարբեր նիստեր բոյկոտող ԲՀԿ անդամները ամառային օրերը ծախսել են արտախորհրդարանական ուժերի հետ սերտ համագործակցություն սկսելու համար։ Աշխատանքային խմբերի ձևաչափով իրար հետ աշխատել են «Բարգավաճ Հայաստան»–ը, Դաշնակցությունը և Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունները։

Ըստ Իվետա Տոնոյանի՝ խոսակցությունները, թե եռյակը դժվարությամբ է ընդհանուր հայտարարի գալիս, իրականությանը չեն համապատասխանում։
«Բոլորս էլ առիթ ունեցել ենք անդրադառնալու մամուլում այդ «հրապարակումներին», թե եռյակի ձևաչափը կենսունակ չէ կամ կան ինչ- որ խնդիրներ։ Բոլորիս անունից պետք է ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ որևէ խնդիր եռյակի ձևաչափում չկա։ Այս ձևաչափով համագործակցությունն ընթանում է շատ արդյունավետ, շատ կենսունակ ձևաչափով։ Ամենօրյա քննարկումների ռեժիմով, երբեմն դա ինտերնետային ձևաչափով է տեղի ունենում, բայց բովանդակային մասին սա բացարձակապես չի անդրադառնում»,- նշում է Տոնոյանը։
Եռյակի գործունեության առաջին միասնական արդյունքը՝ Գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնելն էր։ Իշխանության զավթման, Սահմանադրական կարգի բռնի տապալման և պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ հունիսի 30–ի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժվել է։
Կուսակցությունների եռյակը, սակայն, դեռ անելիք ունի, ասում է այս ձևաչափով ԲՀԿ–ի հետ դեռ նախկինում կոալիցիայի փորձ ունեցող դաշնակցական Արծվիկ Մինասյանը։
«Օրակարգում բազմաթիվ հարցեր կան։ Ոչ միայն սահմանադրական խախտումները վերացնելուն ուղղված գործողությունները, նաև քաղաքացիների իրավունքների ու ազատությունների՝ ներառյալ տնտեսվարող սուբյեկտների մասով։ Բայց հիմնական հարցերից մեկը շարունակում է մնալ քաղաքական համագործակցությունը հանրային առավել լայն ընդգրկմամբ։ Մենք այո, լայն համագործակցության կողմնակից ենք»,- ասում է Մինասյանը։

Եռյակի աշխատանքային օրակարգի հրապարակումից հետո պարզ է դառնում, որ այս ձևաչափում որոշակի փոփոխություններ ամեն դեպքում մտցված են։ Երեք կուսակցություններից և որևէ մեկի ներկայացուցիչը չխոսեց իշխանափոխության մասին, այն դեպքում, երբ ընդամենը շաբաթներ առաջ «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների հիմնական և առաջնային ասելիքնը հայտարարություններն ու նպատակը հենց դա էր։ Թվարկված այս պահի օրակարգում փաստացի մնացել են դատաիրավական և մարդու իրավունքների հետ կապված հարցերը։




