
«Այքըրըդողրուլար» լրատվական կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը կարծում է, որ պոլսահայ հայտնի լրագրող ու լեզվաբան Սեւան Նիշանյանի նկատմամբ կայացած դատավճռի նպատակը նրան սպանելն է, գրում է akunq.net— ը։
«Այն հանցանքին, որի համար Սևան Նիշանյանը դատապարտվել է 13.5 ամիս ազատազրկման, բոլորս ենք մեղսակից: Եթե Սևանը դիտավորյալ է հանցանք գործել, ուրեմն մենք ամեն օր կկատարենք այդ հանցագործությունը: Թուրքիայում և համայն աշխարհում, մտավորական թե դեմոկրատ, դատական համակարգին և իրավունքին հավատացող, մարդու բնական իրավունքների հանդեպ հարգանք տածող յուրաքանչյուր շրջանակ պետք է աջակից դառնա Սևան Նիշանյանին: Ինչպես երևում է, ուզում են սպանել տալ Սևանին, ինչպես որ թիրախ էին վերցրել Հրանտ Դինքին: Հիմա հերթը Սևանինն է: Քանի դեռ նրան բան չի եղել, սույն հարցի նկատմամբ բոլոր զգայուն մարդիկ պետք է ժամ առաջ գործի անցնեն և իրենց բողոքն արտահայտեն այս ցուցամոլության և ցեղապաշտության դեմ: Պետք է միջոցներ ձեռնարկվեն, քանի դեռ մի աղավնի ևս չի սպանվել: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե այս երկրում յուրաքանչյուր մտածողի կդաստիարակեն իրենց կալանատներով և փամփուշտներով: Այս երկրում շատ հրանտներ և սևաններ կան: Աղավնիները վերջ չունեն այս երկրում…»,- գրել է Սինեթը։




