Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ և ուժերի ներածի չափով աջակցություն կցուցաբերի՝ ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստի սկզբում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից նա ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին:
«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը՝ որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն»,- նշել է վարչապետը:
«Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին», — հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ:
Հստակեցվում են հիմնական կարիքները՝ որոնց շրջանակներում էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով:
Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում եմ անհատական նվիրատվություն ցուցաբերել, Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում:
Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի հայրենակից քույրերի և եղբայրների կողքին, և ամեն ջանք կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար:
Որոշվել է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն առաջիկայում կմեկնի Բեյրութ՝ տեղում համայնքի կարիքներին ծանոթանալու և ներկայացնելու համար:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այսօր երեկոյան ծրագիրը կամբողջացվեն:
«Ինքնաթիռի մի քանի տարբերակներ են քննարկվում, և կարծում եմ՝ մինչև օրվա վերջ ամբողջական կունենանք և՛ այն օգնության չափաքանակն ու տեսակը, և՛ ժամկետները: Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը: Մի քանի տարբերակներ են այս պահին քննարկվում են մեր գրասենյակում, կարծում եմ՝ օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն, և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի», — նշել է փոխվարչապետը:




