Առևանգվել է սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը


Սիրիահայ համայնքի առաջատար դեմքերից՝ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հալեպի շրջանային վարչության ատենապետ, գրող, ուսուցիչ, 70-ամյա Հակոբ Միքայելյանն առևանգվել է իսլամիստ ծայրահեղականների «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կողմից, հայտնում է «Ակօս»-ը։ Երեքշաբթի, Հալեպից Բեյրութ ուղևորվելու ճանապարհին ավտոբուսը կանգնեցվել է խմբավորման ստեղծած բարիկադի մոտ։ Միքայելյանն իջեցվել է ավտոբուսից, ինչից հետո թույլատրվել է, որ մյուս ուղևորները շարունակեն ճանապարհը։ Ընտանիքից ստացված տեղեկության համաձայն՝ Միքայելյանը ողջ է և երեկ զանգահարել է հարազատներին ու տեղեկացրել իր վիճակի մասին։ Նա ընտանիքին ասել է, որ զինյալ խումբը «կրոնական դատարան» է հրավիրել և նրան մեղադրել «ռեժիմի կողմնակից լինելու», «ռեժիմի կողմնակիցների երթին մասնակցելու» համար ու դատապարտել 3 ամսվա ազատազրկման։ 70-ամյա Հակոբ Միքայելյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։