«Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են տեղեկատվական–քարոզչական մեծ նշանակություն տալ զորավարժություններին՝ փորձելով դրանք ներկայացնել որպես բացառիկ։ Իրականում դրանք աննախադեպ առաքելություն չունեն, նման համատեղ զորավարժություններ տարիներ շարունակ իրականացվում են»,- մեկնաբանելով այսօր մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժությունները՝ նշում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը։
Ընդգծելով, որ Անկարան ու Բաքուն Հայաստանի հանրության վրա տեղեկատվական – հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ են հետապնդում, փորձագետն ասում է՝ պետք չէ տրվել սադրանքներին։ Միաժամանակ, Վերանյանի խոսքով՝ զգոնությունն էլ կորցնել պետք չէ։ «Այդուհանդերձ, այս զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք ուղղակիորեն թե անուղղակի կերպով կապված են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տավուշյան ուղղությամբ վերջին սադրիչ գործողությունների հետ։ Lարվածությունը, որը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սրեց սահմանին, Թուրքիան փորձում է պահպանել և տարածաշրջանն անկայունության փուլ տանել»,– նշում է Վերանյանը։
Ըստ նրա՝ այս զորավարժությունների հասցեատերը ոչ միայն Հայաստանն է, այլև Ռուսաստանը, որին Անկարան փորձում է Հարավային Կովկասի նկատմամբ իր նկրտումները ցույց տալ։ Սակայն Թուրքիան, Հարավային Կովկասի հանդեպ լուրջ հավակնություններ ունենալով հանդերձ, իր նկրտումներում չի կարող լուրջ հաջողությունների հասնել։




