Միջազգային

Ինքնասպանություն Փարիզի Աստվածամոր տաճարում

Փարիզի Աստվածամոր տաճարում ինքնասպան է եղել ֆրանսիացի հանրահայտ գրող, էսսեիստ Դոմինիկ Վենները:
Ինքնասպանության պահին տաճարում եղել է մոտ 1500 մարդ:Վենները մոտեցել է խորանին և գնդակն արձակել բերանի մեջ:
Գրողի մոտ հայտնաբերվել 5-6 նամակ, որոնցում նա բացատրել է իր արարքի պատճառը:
«Ես ընդունեցի մահը՝ նիրհող խիղճն արթնացնելու նպատակով: Ես բողոքում եմ հոգու թույնի, անհատական ցանկությունների դեմ, որոնք քանդում են մեր խարիսխները, ընտանիքներն ու մեր քաղաքակրթության ինտիմ հիմքերը»,- իր նամակում գրել է Դոմինիկ Վենները:
Հանրահայտ գրողը, ով հայտնի է իր աջ հայացքներով, միշտ հանդես է եկել Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ և վերջերս ֆրանսիացի օրենսդիրների որոշումն անվանել է ամոթալի:
Հիշեցնենք, որ օրենքն այդ երկրում ուժի մեջ է մտել մայիսի 18-ին, այն նաև թույլ է տալիս միասեռ ամուսիններին երեխաներ որդեգրել:
Օրենքի ընդունումը նախագահ-սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր։ Դոմինիկ Վենները նամակում հույս է հայտնել, որ երբ մարդիկ ուշքի գան իր շոկային արարքից հետո, կկարողանան ճիշտ ընկալել ինքնասպանության դրդած պատճառները:
Երեկ երեկոյան տեղի ունեցած արտառոց միջադեպից հետո Փարիզի Աստվածամոր տաճարը ժամանակավորապես փակվել էր։ Այսօր այն կրկին բաց է հավատացյալների առաջ։

Back to top button