
Հակոբ Հակոբյան փողոցը Երևանի ամենաբանուկ և ամենամարդաշատ փողոցներից է: Տեղի հնաբնակները, սակայն, չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է փողոցը վերանորոգվել։ Փոխարենը գոհունակությամբ հետևում են ընթացող աշխատանքներին։
Արաբկիրի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը գրում է, որ ավելի քան երեք տասնամյակ կուտակված խնդիրների շարքում ցերեկային լուսավորության, քայքայված ոռոգման ցանցի, մաշված ու ջարդված եզրաքարերի նորացման խնդիրներն էին։
Դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի շրջայցի ընթացքում որոշվել էր ձեռնամուխ լինել փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Հրաչյա Սարգսյանի կողմից եղան համապատասխան հանձնարարականներ և խոսքը դարձավ գործ։
Հիմնանորոգման լայնածավալ աշխատանքների շրջանակում արդեն իսկ իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, նաև՝ վերանորոգման և վերատեղադրման, ոռոգման ջրագծի նորացման, լեդ-լամպերով փողոցային լուսավորության արդիականացման, 1,2 կմ երկարությամբ հողային շերտի մշակման և կանաչ գոտու ձևավորման աշխատանքներ:
Այս պահին ընթանում են նաև մայթեզրերի ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ:




