ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում երիտասարդները, Հայաստանում տարեցները չեն վախենում կորոնավիրուսից

Աշխարհում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, մոտենում է արդեն 16 միլիոնի, բայց միևնույն ժամանակ նվազում է ծանր դեպքերի թիվը։ Բժիշկները շարունակում են հորդորել` հետևել սահմանված կանոններին և կորոնավիրուսին լուրջ վերաբերվել։ Վարակը, սակայն, իրեն տարբեր երկրներում տարբեր կերպ է դրսևորում։ Օրինակ ԱՄՆ- ում նկատվում է հիվանդության երիտասարդացում, իսկ ահա Հայաստանում պատկերն այլ է։

Չարենցավանի  բնակիչ  Համազասպ Մխիթարյանի ընտանիքը կորոնավիրուսով վարակվել է դեռ ապրիլին, երբ վարակակիրների թվերը  չէր հատել  1000–ի սահմանը։ Նրա  ընտանիքի բոլոր 9 անդամները  միանգամից  դարձան վարակակիր։  4–ը  հոսպիտալացվեցին,  մյուսները՝ թեթև ախտանշաններով մեկուսացվեցին։  

«Սկզբից մեզ մոտ ի հայտ եկավ  մինչ 39-39.5 տաքություն։ Դիմեցինք տեղամասային թերապևտին, նշանակեցին տնային բուժումներ, սակայն  5 օր պառկելուց հետո ոչ մի փոփոխություն չի եղել և  թեստավորվել ենք ու պատասխանը եղել է դրական»։  

Համազասպ Մխիթարյանի համար առավել ծանր էր, երբ լսեց 1տարեկան 4 ամսական թոռնիկի վարակման լուրը։  Սակայն շտապօգնության հերթական բրիգադը, որոշել է ՝   60-ամյա  Համազասպ Մխիթարյանը  պետք է հոսպիտալացվի։ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության  ազգային կենտրոնի պալատներից մեկում  մեկ օր անցկացրեց, վիճակի կտրուկ վատթարացմամբ տեղափոխվեց վերակենդանացման  բաժանմունք։

«Իջել եմ ռեանիմացիոն բաժանմունք, սակայն դրանից հետո ոչինչ չեմ իմացել։ Հետո ինձ ասացին, որ 4 օր եղել եմ արհեստական շնչառական ապարատի տակ»։

Թոքերի արհեստական օդափոխության սարքը, ինչպես Օրթոպեդիայի և վնասվածքաբանության  ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Անահիտ  Բարսեղյանն ասաց,  միացվում է  ծայրահեղ  ծանր վիճակում գտնվող  պացիենտներին։  Այն պացիենտներին, որոնց  վարակի պատճառով  արդեն ինքնուրույն չեն կարող շնչել։  

«Երբ որ կորոնավիրուսի ժամանակ վնասվում են  թոքերը, թոքամակերեսները , մենք չենք ունենում շնչող  մակերես և ստիպում ենք  թոքերին, որ  լինեն գերձգված վիճակում  և օգնում ենք, որ հիվանդը ինքը շնչի։ Երբ հիվանդի ինքնուրույն շնչառությունը  մեր դեղորայքային քնի  պայմաններում բացակայում է, շատ հաճախ նման ռեժիմներով ենք աշխատացնում, մենք հիվանդի մկանային համակարգն անջատում ենք, որպեսզի այդ հոգնած վիճակից մկանային համակարգը դուրս գա, մինչև որ թոքամակերեսները բացվում են, հայտնվում են  շնչող թոքամակերեսներ»։

Քովիդով  ծանր վարակակիրներին որքան ուշ է միացվում  սարքը, այնքան  մեծ են, նրա ՝ ապարատի տակից դուրս գալու երաշխիքները, ասում է  զրուցակիցս։ Համազասպ Մխիթարյանն էլ միացված է եղել սարհեստական շնչառական ապարատին։ Բանիմաց բժիշկների օր ու գիշեր աշխատանքի արդյունքում  60–ամյա պացիենտը հաղթահարել է  բարդ վիճակը։

Տարբեր գիտական  տվյալների համաձայն՝  կորոնավիրուսը ենթարկվում է մուտացիաների,  սակայն դա չի ազդում  հիվանդության ծանրության վրա, այլ  վերարտադրողական հատկանիշների, ինչն էլ իր հերթին ազդում է արագ տարածման վրա, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է համաճարակաբան  Արման  Բադալյանը։

ԱՄՆ, ըստ համաճարակաբանի, նկատվում է  հիվանդության երիտասարդացում, դա է նաև պատճառը, որ մահացության ցուցանիշներն են այստեղ սկսել իջնել։ Իսկ Հայաստանում նման պատկեր չունենք։ Մեր երկրում հիվանդությանը բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները լուրջ չեն վերաբերում, իսկ նրանցից շատերն ունեն քրոնիկ հիվանդություններ։

Կարդացեք նաև

Back to top button