ԿարևորՄշակույթ

Կոմիտասի երաժշտական և հոգևոր ներդրումը համամարդկային է. լատվիացի դիրիժոր

Ձայնագրման ամերիկյան «DELOS» ընկերությունը հուլիսի 10-ին թողարկել է «Կոմիտաս. Սուրբ Պատարագ» (Komitas: Divine Liturgy) ձայնասկավառակը: Խառը երգչախմբի համար երաժշտական ձևավորումը կատարել է Վաչե Շարաֆյանը: Այս նոր մեկնաբանությամբ Պատարագը կարելի է լսել Լատվիայի Ռադիոյի երգչախմբի կատարմամբ՝ դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սիգվարդս Կլյավայի և մենակատարներ՝ բաս Հովհաննես Ներսիսյանի և տենոր Արմեն Բադալյանի մասնակցությամբ: Ձայնագրությունն իրականացվել է Ռիգայի Սբ. Հովհաննես եկեղեցում 2019 թվականի սեպտեմբերի 20-ից 23-ը:

«Սա մեր ստեղծգործական կյանքում շատ կարևոր մեկնակետ է, դարձյալ այն զգացողությունն է, որ կարծես ուզում ես նոր բարձունք գրավել»,- Լատվիայի Ռադիոյին տված հարցազրույցում նշել է դիրիժոր Սիգվարդս Կլյավան:

«Սուրբ Պատարագի» ձայնագրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Բալթյան երկրներում Հայաստանի դեսպան Տիգան Մկրտչյանը: «Չեմ դադարում ուրախանալ, որ մի մարդն իր ներքին համոզմունքով ու իր ժողովրդի հոգևոր հարստության մեծացման ձգտումով կարողանում է կյանքի կոչել մեծաքանակ բարձրարվեստ երաժշտություն, և մեր համերգային կյանքն էլ բերել նոր տարածություն: Օրինակ՝ իմ ծանոթությունը Տիգրան Մանսուրյանի հետ, երբ բեմադրեցինք նրա Ռեքվիեմը: Մեր ընկերությունն ու հարաբերությունները հանգեցին անհարժեշտության՝ փորձելու մոտենալ աշխարհի այս մեծ մշակույթին, որը բոլոր ժամանակներում և պատմության ահավոր փորձություններում կարողացել է պահպանել իր կրոնը, հավատքի ուժը, նաև՝ մշակույթը: Չէ՞ որ քիչ կգտնենք օրինակներ, երբ ինչ-որ ազգ պահպանել է իր ազգային ողջ մշակույթն ու ապրելու ունակությունը եկեղեցու շնորհիվ»,- ասել է Կլյավան:

Սեպտեմբերի 20-ի համերգին զգացողություն է ունեցել, որ մասնակից է ժամերգության. «Հայաստանի դեսպանն ուներ խորը համոզմունք, որ հենց մեր երգչախմբի հնչողության միջոցով ողջ աշխարհին կարելի է ներկայացնել հայ երաժշտական հարյուրամյա գլուխգործոցը որպես ընդունելի և հասկանալի, և ոչ որպես ինչ-որ հեռավոր ու անհասանելի մի բան: Սա նման էր մարգարեության, որ հայկական հոգևոր գործը ներկայացվելու է որպես համաշխարհային երաժշտական գլուխգործոց, ճիշտ այնպես, ինչպես Ռախմանինովի երեկոյան ժամերգությունն ու պատարագները, որոնք հիմա աշխարհում ամենաշատ հնչեցվածներից են: Տեսնում ենք, որ ամեն ինչ հնարավոր է: Այդպես է եղել նաև Սվիրիդովի հոգևոր երգերի հետ: Վերջերս սկսել ենք աշխատել նաև Չայկովսկու եկեղեցական երաժտության երբեք չհնչեցված համերգների վրա: Ծանոթության առաջին քայլերը շատ կարևոր են»:

Ձայնասկավառակը հրատարակվել է մի քանի հազար օրինակով: Սկավառակները տարածվելու են աշխարհով մեկ, գնահատվելու են:

Դիրիժոր Սիգվարդս Կլյավան կարծում է, որ ձայնագրման ընթացքը հեշտ չէր, քանի որ հանդիպել են երկու միանգամայն տարբեր կատարողական մշակույթներ: Բայց լավն այն է, որ գործն արվել է մի շնչով՝ ոչ թե աշխատանքի գալով ու տուն գնալով, այլ երեք օրն անցել է ինչպես ընթացք մեծ ուղիով՝ դեպի վերջնարդյունք:

«Մի բան պետք է միանշանակ շեշտվի՝ Կոմիտասը, լինելով վանական, ապրելով վանքում, մի օր հասկացել է, որ ինքը պետք է բացի վանքի դռներն ու դուրս ելնի աշխարհ: Սա է պատճառը, որ նրա երաժշտական և հոգևոր ներդրումն այսքան համամարդկային է և հասկանալի: Նա բացել է դուռն ու գնացել լսելու, թե ինչպես են երգում մարդիկ աշխարհում, ուսանել է Եվրոպայում: Աշխարհիկի և հոգևորի մեկտեղումը և մեծ տաղանդի խտացումը մի անձի մեջ հզոր արժեք է:

Մյուս արժեքն այն է, որ այս մարդը կյանքի իրական իմաստն է տեսել: Մեծ Եղեռնը տեղի է ունեցել նրա աչքի առաջ. Կոմիտասը այն հազվագյուտներից է, ով փրկվել է: Նրա աչքի առաջ սպանել են նրա բոլոր հոգևոր և ստեղծագործող եղբայրներին: Դա այն պահն է, երբ մարդը չի կարող հասկանալ, ի՞նչն ավելի լավ կլիներ՝ տեսնել այդ ամենն ու շարունակել ապրելը, ճիշտ է՝ հոգեբուժարանում, թե՞, այնուամենայնիվ, զոհվել իր քույրերի և եղբայրների հետ: Պատմությունները, որոնք պատմում են հայ մտավորականները, ստիպում են մեզ ցնցվել և հասկանալ կյանքի մեծ ու հավերժական իրական իմաստը: Սա անհուն գաղտնիք է և անծայրածիր գագաթնաձիգ»:

https://www.facebook.com/armemblit/posts/1676272635864177

Կարդացեք նաև

Back to top button