Այգեպարի մանկապարտեզը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է: Որ թշնամու գնդակից մանուկներին պաշտպանեն, լրացուցիչ պատեր են կառուցել․ երեխեքին գյուլլից հեռու կպահեն՝ ասում են Այգեպարի բնակիչներն ու տարիներ շարունակ նորոգում մանկապարտեզի՝ թշնամու կրակոցներից վնասվող հատվածները։
Հուլիսի 16–ի լուսադեմին մանկապարտեզը դարձյալ ադրբեջանական ստորաբաժանումների թիրախում էր:
Այգեպարի բնակիչներ Անատոլի Գրիգորյանն ու Կարեն Զազբանդյանը մանկապարտեզի հրետակոծված խաղասենյակն են ցույց տալիս․ «Սա երեխաների հավաքվելու հիմնական տեղն է՝ խաղասենյակը․ եթե այստեղ լինեին, ոչ մեկը ողջ չէր մնա։ Առաստաղն ամբողջությամբ կախվել է»։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների փաստեր է հավաքել, որ միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնի: Այգեպարի մանկապարտեզից բացի՝ Չինարիում էլ դպրոցն են հրետակոծել․ բարեբախտաբար արկը չի պայթել: «Տավուշ տեքստիլ»–ը հրետակոծել են այն ժամերին, երբ աշխատակիցները բժշկական դիմակ էին պատրաստում, որ մարդիկ կորոնավիրուսից պաշտպանվեն: Մոտ 5 տասնյակ տուն է վնասվել, ու բարեբախտաբար բնակիչներ չեն զոհվել:
Անատոլի Գրիգորյանն է պատմում․ «Ճանապարհը մինչև Տավուշի ջրամբար իրենց տեսադաշտում է: Այս անգամ հենց այդ ճանապարհն են ամենաշատը ռմբակոծել, ոստիկաններն էլ են այդտեղ վիրավորվել»:
Ադրբեջանական զինուժի տարբեր տրամաչափերի գրեթե բոլոր զինատեսակների մասին պատմում է մանկապարտեզից մի քանի մետր հեռու գտնվող 3 հարկանի բնակելի շենքը: Շենքի՝ հայ-ադրբեջանական սահմանին նայող կողմը 30 տարվա հրետակոծության հարուստ պատմություն ունի: Շենքի մյուս մասում մարդիկ են ապրում: Չեն հեռացել, չեն հեռանա…
«Մըր հողը բրախենք, ու՞ր գնանք»,– ասում է Սուսաննա Գրիգորյանը։ Նրա դեմքին մեծ սպի կա, որն իր տանն է ստացել․«Սնարյադը տուն է մտել, բայց չի պայթել, երեխեքս փոքր էին ներքևում էին»:
Որդին տունը պաշտպանելիս է զոհվել: Բայց տիկին Սուսաննայի կամքն անխոցելի է։ Կատակով ասում է՝ միայն կամերայից եմ վախենում, կրակոցները հեչ, միշտ տեսնում ենք, լսում, զգում:
Հերթական կրակահերթից հետո սահմանի անվախ երկրապահները նորից օջախներն են շենացնում:
Մանկապարտեզն էլ շուտով կվերանորոգեն․ Երևանի քաղաքապետարանը կաջակցի, որ Յանինան, Վահագնը, Գրետան ու Այգեպարի 20 փոքրիկները վերադառնան: Այս տարի ևս 8 երեխա մանկապարտեզ կհաճախի՝ հակառակորդի նշանառության տակ, մեծերի նման անվախ, հզոր կամքով ու մեծ նպատակներով:




