Թբիլիսին պետք է միջնորդի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին «Ռադիոլուրին» ասել են վրացի փորձագետները, ովքեր արդեն դիմել են երկրի վարչապետին՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ Թբիլիսիում խաղաղ գիտաժողով անցկացնելու նախաձեռնությամբ։
«Վրաստանը կարող է կանգնեցնել երկու երկրների միջև ընթացող պատերազմը այնպես, ինչպես արել է 100 տարի առաջ», — «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Դավիթ Մայիսայան՝ նշելով, որ այսօր էլ Վրաստանը կարող է միջնորդի դեր կատարել․
«Ես անձամբ եմ հանդես եկել այս նախաձեռնությամբ՝ դիմելով երկրի վարչապետին, որպեսզի Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացվի խաղաղ գիտաժողով։ Այստեղ կարող է այդ հարցը լուծվել այնպես, ինչպես հարյուր տարի առաջ տեղի ունեցավ»։
Ասում է փորձագետը՝ նշելով, որ 1919 թվականին Վրաստանի վարչապետ Նոե Ժորդանիայի նախաձեռնությամբ էր Թբիլիսիում անցկացվել խաղաղ կովկասյան գիտաժողովը։ Ըստ նրա, այսօր պետք է խոսել ոչ թե ով է առաջինը սկսել կրակել, այլ ինչպես կարգավորել հարցը․
«Ես կարծում եմ նման գիտաժողովի անցկացումը Վրաստանում կլինի տեղին և ճիշտ ժամանակին, քաղաքական առումով գրագետ քայլ»։
Վրաստանում նշում են, որ Թբիլիսին այսօր շահագրգռված է կրակի դադարեցմամբ, քանի որ սահմանային լարվածությունը վերածվելով լայնամասշտաբ պատերազմի, դիվերսիոն հարձակումների վտանգի տակ է դնելու նաև երկրի տարածքով անցնող էներգետիկ միջանցքները, ընթացքի մեջ գտնվող կարևոր ծրագրերը, որոնք վերաբերում են նաև հարևաններին։

Մեկ այլ ռազմական փորձագետ, «Արսենալի» ռազմական վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին ասում է, որ Հայաստանի Տավուշի մարզը, որտեղ տեղի են ունենում հրետակոծությունները գտնվում է Վրաստանի հետ սահմանի մոտ՝ 50 կմ հեռավորության վրա, Վրաստանի սահմանային որոշ գյուղերում լսվում են կրակոցի ձայները․
«Ամեն դեպքում ես կարծում եմ, որ լայնամասշտաբ պատերազմի չի վերածվի այս ամենը, իսկ Ադրբեջանը հայկական ատոմակայանին հարվածելու քայլին չի գնա։ Դրա հետևանքները կլինեն տարածաշրջանային, նույնիսկ համաշխարհային մասշտաբի»։
Ալադաշվիլին կարծում է, որ Վրաստանը կարող է օգնել կողմերին, սակայն միևնույն ժամանակ նշում է, որ ցավոք հարցի կարգավորման բանալին ոչ թե Վրաստանում է, այլ Հյուսիսում։
Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու հարցով ձևավորվող նախաձեռնող խումբը պատրաստվում է նաև գրավոր դիմում ներկայացնել երկրի վարչապետին՝ հուսալով, որ արձագանք կլինի։
Պաշտոնական Թբիլիսին մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում ընթացող զինված բախումների վերաբերյալ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունների ճանապարհով կողմերը կխուսափեն հետագա էսկալացիայից,
սահմանային իրավիճակի լարվածության շուրջ հեռախոսազրույց են ունեցել նաև երկու երկրների արտգործնախարարները։




