
ՌԴ Մոսկվա քաղաքում ապրող հայերը հերթ են կանգնել և գնում են հայկական ծիրան, որի վաճառքը նախօրեին արգելվել էր «Ֆուդ Սիթի» շուկայի տարածքից։ Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ հայկական պետհամարանիշերով բեռնատարներին արգելվել էր շուկայի տարածք մուտք գործել։
Մոսկվայի հայերը համախմբված գնել են ծիրանը և օգնել բեռնատարներն այլ առևտրի կենտրոններ տեղափոխել։
«Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերը ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովն ու Զառախ Ալիևն են:
Օգտատերերից շատերը գրում են, որ Ադրբեջանը պարտություն կրեց նաև ծիրանի դեմ «մղվող մարտում»։ Մեկ այլ օգտատեր էլ գրել է, որ սա լավ օրինակ է՝ ցույց տալու, որ մենք իրար սիրելով ենք հաղթում, այլ ոչ թե հակառակորդին ատելով։
Ռուսաստանի Հայերի Միությունը բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՌԴ նախագահի վարչակազմի հետ «Ֆուդ Սիթի»-ում իրավիճակի կապակցությամբ։
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշմամբ այսօրվանից անվճար տարածք կտրամադրվի հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մոսկվայի «Դմիտրովսկո մայրուղի 165» հասցեում:
«Մենք տեղեկացրել ենք նրանց բարդ իրավիճակի մասին, որը ծագել է հայ վարձակալների իրավունքները ոտնահարելու հետեւանքով, եւ խնդրել ենք կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել նրանց օրինական իրավունքները վերականգնելու համար։ Ինչպես հաղորդել է ազգությունների գործերով դաշնային գործակալության ղեկավար Ի․Բարինովը, «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարները վստահեցրել են, որ իրենց համար նույնչափ կարեւոր են բոլոր վարձակալները, այդ թվում՝ հայերը։ «Նրանք ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հայկական ծիրանի շուրջ ստեղծված իրավիճակը հետևել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին, երբ մարտի դաշտում կորուստներ կրած թշնամին որոշել է նախ ռուսական շուկաներից մեկում ցուցադրաբար արկղերով ծիրան գնել ու ոտքերի տակ ճզմել, ապա հայկական ծիրանի մուտքը փակել ադրբեջանցուն պատկանող մեծ շուկա։




