
Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններին զուգահեռ պակաս կարևոր չէ, թե ինչպես են աշխատում ներքին կառույցները՝ միջազգային հարթակներում խնդիրը ներկայացնելու համար։
Կորոնավիրուսի համավարակի ֆոնին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դիմել էր բոլոր պետություններին հստակ կոչով։ Հուլիսի 12–ից սկսված գործողություններով Ադրբեջանը, ի թիվս այլ միջազգային կոնվենցիաների, անտեսել է միջազգային լրջագույն կառույցի մարդասիրական կոչը։
Ամբողջ աշխարհում կան համակեցության ընդհանուր կանոններ, որոնք պարտադիր են բոլոր ազգերի և պետությունների համար՝ կոնկրետ ժամանակահատվածում։ Դա օրինակ՝ օլիմպիական խաղերի ժամանակ մարտական գործողություններից զերծ մնալու ավանդույթն է։ Այդպիսի կանոն և կոչ՝ ուղղված բոլորին կա նաև նոր կորոնավիրուսի համաշխարհային համավարակի շրջանում։ Միջազգային լրջագույն կառույցի կոչ, որն անտեսեց Ադրբեջանը և ինչի վրա միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Նոր տեսակի կորոնավիրուսի պայմաններում կա ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի կոչը ուղղված բոլոր կողմերին, բոլոր պետություններին, բոլոր կազմակերպություններին՝ ճանաչված, չճանաչված և այլն, որ ինչ էլ ուզում է լինի, որևէ մեկը իրավունք չունի ծավալելու ռազմական գործողություններ։ Դա իրենից ներկայացնում է կոպիտ խախտում և ավելին՝ հնարավորություն չի տալիս պետություններին կենտրոնանալ կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների իրացմանը և առավել մեծ լարվածության է բերում»։
Հայաստանի Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Կարմիրաղբյուր, Բերդ և մի շարք այլ համայանքներին ու այնտեղ արձանագրված ավերածություններին միջազգային կառույցները փաստերով կծանոթանան Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցներից։ Միջազգային կառույցներին ուղղված անգլերենով որերորդ զեկույցն է պատրաստում Հայաստանի օմբուդսմենը՝ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակւ մասին։ Փաստեր, որոնք հավաքվել են տեղում և որոնք կարող են վկայել Ադրբեջանի ևս մեկ անմարդկային խախտման մասին։
Արման Թաթոյան․«Խոսքը այնպիսի հրետանային արկերի մասին է, որոնք պարզապես ներսից պայթում են և բեկորների են վերածվում։ Այդ բեկորներն այնպիսինն են, որ կարող են կյանքի, առողջությանը ակնհայտ վնասել։ Անգամ դրանք ունեն խոշտանգման, նաև մարդուն անվերականգնելի վնաս հասցնելու հատկություններ։ Մենք հիմա ուսումնասիրություններ ենք անելու դրա արգելված լինել–չլինելու հարցը պրոֆեսիոնալ տեսանկյունից պարզելու համար, որովհետև դա վտանգավոր նշանակության բեկորներ են»։
Այդպիսի արկերից են նաև վնասվել բնակիչների տները, Այգեպարի մանկապարտեզը, Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ջրագիծը, հացի փուռը, Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղը և «Տավուշ–տեքստիլ» գործարանը։ Վերջինը, ի դեպ, համավարակի պայմաններում արտադրում է բժշկական դիմակներ և հրետակոծվել է ցերեկային ժամին, երբ գործարանն աշխատել է։ Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային իր զեկույցներում հստակեցնում է՝ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի խաղաղ բնակչությանը և կա թիրախային վնաս հասցնելու միտում։

Այս ամենին զուգահեռ՝ հայկական խորհրդարանական դիվանագիտությունը աշխատում է իր ուղղություններով։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան․
«Այս ամենը խիստ դատապարտելի է, այս ամենը բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում է։ Եվ մեր ԱԳՆ–ն, և խորհրդարանականները, խորհրդարանական դիվանագիտության իրենց «խողովակներով» այս ամենի մասին պարբերաբար և շատ մանրամասն տեղեկացնում են բոլոր միջազգային գործընկերներին, բոլոր կառուևյցներին, որտեղ մենք որևէ անդամություն, մասնակցություն ունենք։ Ես իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ մեր գործընկերներին»։
Ադրբեջանի կողմից իրավունքների խախտման մեկ այլ դրսևորումը սեփական բնակչության նկատմամբ է։ ՄԻՊ զեկույցում դա նույնպես տեղ կգտնի։ Այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից հստակ թիրախավորվում են Հայաստանի քաղաքացիական օբյեկտները, որոնց կողքին ոչ մի ռազմական կամ մարտական դիրքեր չկան, ադրբեջանական կողմն իր զինտեխնիկան տեղակայում է հենց գյուղերում՝ հայկական հնարավոր պատասխանի դեպքում թիրախավորելով սեփական բնակչությանը՝ հետագայում շահարկումների հնարավորություն ստանալու համար։ Ադրբեջանի այս գործելաոճը նորություն չէ։ 2016–ին նրանք նույնպես դիմել էին նման այսպես ասենք «հնարքի» Արցախի հետ սահմանագծում։




