
Այս պահին հայ–ադրբեջանական սահմանագոտում հարաբերական անդորր է։ Հանգիստ է նաև արցախա–ադրբեջանական շփման գծում։ ՀՀ Զինված ուժերը լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրը։ Այս մասին Տեղեկատվական միասնական կենտրոնում Տավուշի մարզից հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա ևս մեկ անգամ նշել է, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ համալիրների միջոցով խոցվել է ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ–ն։ Հակառակորդը կորցրել է նաև զրահատեխնիկա։ Նա նաև ասել է, որ հայկական զինված ուժերը փայլուն կատարում են իրենց առջև դրված խնդիրները և նոր պահեստազորային ուժերի կամ կամավորական խմբերի ներգրավվման անհրաժեշտություն չկա։ ՀԱՊԿ–ին դիմելու անհրաժեշտություն, ըստ նրա, նույնպես չկա։
Երկու տասնյակ վիրավոր ենք ունեցել, այս պահին բուժում է ստանում նրանցից 10–ը, 5–ի վիճակը շատ թեթև է, նրանք առաջիկայում դուսր կգրվեն հիվանդանոցներից, մյուս 5–ից միայն մեկի վիճակն է ծայրահեղ ծանր։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ չկան, կան միայն նյութական վնասներ։




