
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ծանր զինատեսակների կիրառման և դրա հետևանքով առկա կորուստների կապակցությամբ, հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հորդորում կողմերին անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրի կարգավորմանը խաղաղ ուղիներ փնտրելուն ուղղված նրանց ջանքերում:




