
Ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները, որտեղ հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը՝ ֆեյսբուքի իր էջում հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Դիահերձարանը, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել օգոստոսի 1-ից:
«Այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը»,- գրել է նա:
Կորոնավիրուսից մահացածներին Հայաստանում չեն դիահերձում: ԱԺ-ն մարտի 31-ի արտահերթ նիստում ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ անելու մասին կառավարության առաջարկը։




