ԿարևորՀասարակություն

Արարատ և Խաչիկ համայնքներում մշակութային կենտրոնները կբարեկարգվեն

«Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակույթի հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել ճարտարապետների, դիզայներների, շինարարների, համանքների ներկայացուցիչների, նրանց հետ աշխատող մենթորների հետ:

Ինչպես հայտնում են հիմնադրամից, «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները հուլիսի 8-ին եղել են Արարատ և Խաչիկ համայնքներում, որի ներկայացուցիչների և մենթորների հետ քննարկել են համայնքների զարգացման տարաբնույթ հարցեր, հեռանկարներ, ուղիներ, որոնց խաչման կետում կանգնելու է մշակույթի տունը:

Առաջին կանգառն Արարատ քաղաքի մշակույթի կենտրոնն էր, որն ակնհայտ մեծ ներուժ ու հնարավորություններ ունեցող կառույց է և՛ շենքով, և՛ սրահներով ու դահլիճով, և՛ ներքին ու արտաքին բակերով:

Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով կառուցված շենքում կբարեկարգվեն որոշ սրահներ՝ դառնալով արարատցիների համար սիրված ու սպասված վայր՝ ստեղծագործելու և հաղորդակցվելու համար:

Հիմնադրամի աշխատակիցներն այցելեցին Զանգեզուրի դարպաս բարձրադիր Խաչիկ գյուղ: Այնտեղ սպասվող փոփոխությունների մասին բոլորն են տեղյակ՝ մեծից փոքր. «Մեր մշակույթի տունը վերանորոգվելու է, այնտեղ խմբակներ ու այլ լավ բաներ են լինելու»,- ասում են բժշկական դիմակներով իրար նմանված խաչիկցի երեխաները:

Այցի ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները եղել են գյուղի դպրոցում, «Առաստամուղ» կոչվող գավառագիտական թանգարանում, ծանոթացել գյուղի հոգսերին ու զարգացման հնարավորություններին: Հարուստ բնավորություն ունեցող այս գյուղում խոսում են էկոտուրիզմի զարգացման մասին: «Մենք սկսենք, մեր երեխեքը կշարունակեն: Շատ լավ կլինի, որ մշակույթի տանը դասընթացներ կազմակերպվեն, մեզ սովորեցնեն մեր ունեցածը որպես բիզնես մատուցելու հմտություններ: Առավոտյան չորսից ոտքի վրա ենք, ամեն ինչ ունենք, մնում է այս ամենը գրագետ իրացնել»,- ասում են գյուղի ավագները:

Կարդացեք նաև

Back to top button