
Եթե մարդն ունի թոքաբորբ, դա արդեն ուղիղ բժշկական ցուցում է, որ նա պետք է թեստավորվի, այսօրվա ասուլիսում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան դիտարկմանը, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունի երկկողմանի թոքաբորբ, բայց նրան չեն թեստավորում: Նախարարը միաժամանակ նկատել է, որ հնարավոր է բժիշկն ասի՝ իմաստ չունի թեստ անել, քանի որ անձն ակնհայտորեն վարակված է։
Ի դեպ, այլ երկրներում էլ է եղել, որ ենթադրենք ընտանիքի մի անդամը վարակված է եղել, մյուս անդամների մոտ ակնհայտ սիմպտոմներ են եղել, ընդունված է եղել չթեստավորել: Եթե բուժումն անցնում է տանը, իրոք, կարծես, անիմաստ է դառնում թեստավորումը, մանավանդ որ գիտես, որ 14 օր տանը պետք է մնաս: Այլ է խնդիրը, որ մարդը պետք է հիվանդանոց պառկի: Այդ դեպքում պետք է հավաստիանանք, որ նա ունի այդ հիվանդությունը՝ շեշտել է առողջապահության նախարարը։
Տնային պայմաններում թոքաբորբի բուժման ժամանակ նշանակվում է այնպիսի դեղորայք, որը մատչելի է և կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնել՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել մարդկանց բուժման ծախսերը, եթե նրանք տանն են բուժվում կորոնավիրուսից:
«Եթե դրանից դուրս իրապես այլ դեղերգնելու կարիք կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք տեղափոխվի հիվանդանոց: Բուժման պրոտոկոլի մեջ ներառված դեղերի մի մասը, հատկապես այնպիսի դեղեր, որոնք հարաբերականորեն ավելի թանկ են, թեև դրանք մի քանի հազարի շրջանակում են, իրականացրել ենք կենտրոնացված գնում և բաշխել ենք, ՀՀ բոլոր պոլիկլինիկական համակարգերին:Նաև ուզում եմ հիշեցնել, որ շատ քաղաքացիներ, որոնց մոտ դրական ախտորոշում կա, ընդհանրապես բուժման կարիք չունեն, պարզապես պետք է այդ ընթացքը անցկացնեն տանը»։
Հնարավո՞ր է, որդյոք, կորոնավիրուսով վարակվել կրկնակի։ Հարցի շուրջ աշխարհում բանավեճը շարունակվում է։ Տեղեկացրնելով սրա մասին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց նաև, որ բոլոր դեպքերում Հայաստանում արձանագրված նման դեպք չկա։
«Արձանագրումները պետք չի դիտել միայն երկրի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհում: Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չունենք, կրկնակի վարակվելու հնարավորության պատասխանը չունենք: Դրա համար պետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել լավացել ենք, նորից չենք վարակվի՝ այդ ապացույցի բացակայությունը հաշվի առնելով»:
Կարող եմ ասել, որ ինչպես փորձն է ցույց տվել, այլ սուր շնչառական վարակները երկարատև իմունիտետ չեն առաջացնում՝ հավելեց նախարարը։
Խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին՝ առողջապահության նախարարն ասաց, որ սկսել են բանակցություններ թե՛ արտադրողների, թե՛ հավաքական գնորդների հետ։ Պատվաստանյութի և դեղամիջոցի մշակումները երկու տարբեր գործընթացներ են, որ զուգահեռ ընթանում են աշխարհում, և երկու ուղղությամբ էլ գործողություններ կատարվում են՝ տեղեկացրեց Արսեն Թորոսյանը։
«Մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականանացնում: Որպես օրինակ «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 10 օրից Հայաստանում կլինի, ռուսական «Աֆրիվավիրի» բանակցություններն ենք տանում, ինչպես նաև ճապոնական և ռուսական «Ֆավիպիվավիրի» բնակցություններ ենք տանում: Ճապոնականից արդեն ստացել ենք, շուտով կսկսվի օգտագործվել»։

Նշվածները դեղամիջոցներ են։ Նախարարն ասաց, որ պատվաստանյութերի մասով, սակայն, իրավիճակն այլ է. այս պահին աշխարհում մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ հավանականություն ունի դառնալու վերջնական արտադրանք։
«Կոնսենսուսային մի իրավիճակ կա, և հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ պատվաստանյութ, ամեն դեպքում, լինելու է: Այդ համոզումը շատ կարևոր է։ Սկզբում այդ համոզումը չկար: Դրա համար արդեն երկրները քննարկում են ապագա պատվաստանյութի գնման հարցերը: «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը ամենահավանական պրոդուկտերից մեկն է: Կան ավելի խոշոր արտադրողների կողմից պատվաստանյութեր: Այդ ընկերությունների հետ բանակցությունները գնում են, բայց դրանք շատ նախնական են: Այստեղ էլ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Օրինակ, շատ երկրներ գնելով դեռևս չհաստատված պատվաստանյութի մեծ խմբաքանակներ, ստեղծելու են իրավիճակ, որ մյուս երկրների դա հասանելի չի լինելու: Մրցավազքի նման մի բան կա»:
Ըստ Արսեն Թորոսյանի՝ իրենք որոշել են արտադրողների հետ առնվազն սկսել այդպիսի խոսակցությունները։ Այդ թվում՝ հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, Գավին, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել խմբաքանակ և հավասար բաշխել: Իսկ պատվաստանյութը միակ բանն է լինելու, որ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների ու առանց սոցիալական հեռավորության կյանքի՝ ասաց Արսեն Թորոսյանը։
Պատվաստանյութերի անվտանգության մասին հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ այսօր աշխարհը հնարավորություն ունի ավելի արագ ունենալ փորձարկումների արդյունքները։ Նշեց, որ ընդհանրապես հաստատված է, որ պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ հայտնաբերված ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են։
«Ավելի անվտանգ, քան ասենք սննդային թունավորումները, որոնք ավելի շատ մարդ են սպանում, քան վակցինաները, որոնք ընդհանրապես մարդ չեն սպանում, եթե ճիշտ են օգտագործվում, հակացուցումները ճիշտ են պահպանվում։ Եվ մենք, բարեբախտաբար, երկար տարիներ որևէ լուրջ կողմնակի էֆեկտ պատվաստանյութերից չենք ունեցել ևաշխատելու ենք չունենալ»։
Առողջապահության նախարարը հակադարձեց նաև որոշ շրջականների կասկած-պնդումներին, թե հնարավոր պատվաստանյութը անվտանգ չի լինելու: Նախարարն ասաց.
«Որոշ շրջանակների անմեղսունակ կասկածներին նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ, նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել: Նրանք դրա վրա շարունակում են կառուցել իրենց մարտավարությունը՝ փորձելով մարդկանց հույզերի վրա խաղալով մեծ հակապատվաստումային արշավ առաջացնել, ինչը անխուսափելիրեն ռիսկ է պարունակում մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար: Մենք պետք է մեր ճշգրիտ, կրթական և տեղեկատվական ինֆորմացիաներով փորձենք այդ անմեղսունակությունը ճնշել, որովհետև այլ տարբերակ չկա»:
Ի դեպ, նախարար Թորոսյանը հայտնեց, որ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում է նաև ինքը։




