ԿարևորՀասարակություն

Դեֆիցիտից պրոֆիցիտ. Հայաստանում դիմակների ավելցուկ կա

Աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք՝ այսօր հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նշել, որ դրանք ձեռք բերելու համար  Հայաստանի կառավարությունը նախնական բանակցություններ է վարում արտադրողների և միջազգային կազմակերպությունների հետ։

Ըստ նախարարի՝ մեծ է վտանգը, որ երբ պատվաստանյութը պատրաստ լինի,  կլինեն երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութ կգնեն: Տարբեր գնահատականներով` այն հասանելի կլինի այս տարեվերջին կամ 2021 թվականի սկզբին։

Քանի դեռ պատվաստանյութը ստեղծված չէ,  կանոնները պարզ են, դրանց էֆեկտիվությունը՝  ապացուցված. կրել դիմակ եւ փրկել կյանքեր։ Այսօր Հայաստանում դիմակի խնդիր չկա, ավելին՝ կա դիմակների  ավելցուկ ու գնանկում:

Համավարակի առաջին օրերից դիմակների շուկան տարբեր փուլերով է անցել՝ դիմակների դեֆիցիտից մինչև պրոֆիցիտ: Ի՞նչ է կատարվում դիմակների հայաստանյան շուկայում այսօր, երբ ավելացել են տեղական արտադրողները:

Շուկայում կա էական գնանկում՝ արձանագրում է վարչապետը: ՏՄՊՊՀ-ի նախագահ Գեղամ Գեւորգյանի փոխանցմամբ՝ այո, դիմակների շուկայում գնանկում կա, բայց, նրա ձեւակերպմամբ, այսօր մեկ այլ խնդրի առջեւ ենք կանգնած:

«Հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ: Եթե մենք չենք թողում դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու վնասով աշխատել, իսկ եթե թողում ենք նույնը, ապա գինը մնում է նույնը՝ 60 դրամ տեղականը եւ մի փոքր ավելի թանկ՝ դրսից ներկրվածը»,- ասաց Գևորգյանը:

Արդեն 5 տարի դիմակների արտադրությամբ զբաղվող «Սալյուս» ընկերության տնօրեն Ժիրայր Մանդալյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ներկայումս շուկայում շատ են անորակ դիմակները, այդ թվում՝ ներկրված: Արդյունքում՝ 5 տարի շարունակ որակյալ դիմակներ արտադրող ընկերությունն այսօր կանգնած է երկընտրանքի առաջ:

«Չգիտեմ՝ շարունակեմ գործունեությունս, թե չէ, որովհետեւ անորակով գները գցել են, ես որակով միշտ արտադրել եմ, հիմա  ինձ մոտ չի վաճառվում:  Եթե էդպես գնաց, ամեն մեկը կդնի-կանի, մենք էլ՝ կփակվենք-կգնանք, ինչ ասեմ: Որովհետեւ ես չեմ կարող նորմալ որակի անեմ՝ որակ տամ ու էժան գնով տամ: Դե էժան ասելով՝ ես հիմա 60 դրամով չեմ կարող վաճառել, որ առաջ գները գիտեք ինչ էր: Գները բարձրացան, որովհետեւ հումքը թանկացավ»,- նշեց Մանդալյանը:

Արտահանելն էլ հնարավոր չէ երկու պատճառով: Նախ՝ համավարակով պայմանավորված դիմակների արտահանումն արգելված է եւ երկրորդը՝ այն երկրները, որտեղ կարող ենք արտահանել, պահանջարկ չկա՝ ասաց դիմակներ արտադրող ընկերության տնօրենը:

«Պրոբլեմն այն է, որ անորակը մտել է, գինն ընկել է, իսկ քո որակովն արդեն մրցունակ չէ: Հիմա էս խնդրի առաջ ենք կանգնած: Էն ժամանակ խնդրում էին, որ մենք արտադրենք, հորդորում էին եւ այլն, բայց հիմա… Գիտենք ինչ, որ չի վերահսկվում շուկան, ով ինչ ուզում արտադրում է անորակ ու տալիս է ժողովրդին՝ չհասկանալով, որ դա դրած-չդրած մի նշանակություն ունի, ավելի լավ ա չդնես, քան դնես: Բայց դե՝ ունենք էն, ինչ ունենք, էլի»,- ասաց դիմակ արտադրող ընկերության տնօրենը:   

Խնդրին այսօր անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեց, որ կար ժամանակ, երբ հարկավոր էր այնպես կառավարել, որ գոնե առողջապահական հիմնարկներն ապահովված լինեն դիմակներով: Երկրորդ փուլում՝ կային դիմակներ շուկայում, սակայն բարձր էին գները, եւ հարկ եղավ կոչ անել բոլոր նրանց, ովքեր հնարավորություն չունեին գնելու, կրեն անգամ տան պայմաններում կարված դիմակներ:   

«Հիմա մենք ունենք գնանկում եւ ունենք պրոֆիցիտ: Հիմա մենք կարող ենք անցնել երրորդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ: Մենք նաեւ ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակներն իրենց կանխարգելիչ նշանակությամբ շատ ավելի օգտակար են»,-ասաց Փաշինյանը։

Դիմակ արտադրող ընկերության տնօրեն Ժիրայր Մանդալյանը, սակայն,  կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերահսկել ներկրվող դիմակների որակը: Ըստ արտադրողի՝ անհրաժեշտ է նաեւ վերահսկել ներքին շուկան, թե որքանով են արտադրվող դիմակները համապատասխանում ստանդարտներին: Արտադրողն ասաց նաեւ, որ գները բարձրացան, որովհետեւ հումքը թանկացավ: Հիմա որակյալ հումքով արտադրելու դեպքում՝ 60 դրամի սահմանը կարելի է չհատել, եթե դրսից անորակներ չներմուծվեն:

Ներքին շուկայի պահանջն էլ տեղական ընկերությունները կարող են լիովին բավարարել, դեռ մի բան էլ ավելի՝ եզրափակեց զրուցակիցս:  

Կարդացեք նաև

Back to top button