
ՀՀ Ազգային ժողովն այսօր 81 կողմ, 0 դեմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հանրաքվեն շարունակում է մնալ ամենաարդյունավետ ճանապարհը, սակայն, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը թույլ չի տալիս իրականացնել այն:
«Մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն իրոք լավագույն ճանապարհն է, բայց այն մարդիկ, որոնք հարցնում են, թե ինչու այս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երևի ուղղակի տեղյակ չեն, թե ՀՀ-ում ինչ է կատարվում կամ ձևացնում են, թե տեղյակ չեն»,-նշել է նա:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պետք է անցկացվեր ապրիլի 5-ին, բայց չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:




