
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին քննարկմանը:
Փաշինյանը նախ առողջություն է մաղթել կորոնավիրուսով վարակված պատգամավորներին և բոլոր քաղաքացիներին, ապա ավելի շատ խոսել, ոչ թե 2019 թվականի կատարողականի թվային ցուցանիշների, այլ ավելի հրատապ հարցերի մասին՝ ըստ էության պատասխանելով պատգամավորների բարձրացրած հարցերին:
2019-ին պետական բյուջեում ամենաչկատարվածը, ըստ վարչապետի, կոռուպցիոն գումարների վերադարձն է, որն առաջին հերթին առնչություն ունի անվտանգության ոլորտի հետ:
Անդրադառնալով քաղակական ուժերի հնչեցրած տեսակետներին, վարչապետ Փաշինյանն ասել է, որ քաղաքկան ուժերը ոչ թե բոյկոտել են, այլ ինքնաոչնչավցել են՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնից հերքելով այն, ինչն անհերքելի է։
«Այսինքն նորությու՞ն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել և նորությու՞ն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառքով է ընտրվել, նորությու՞ն է որևէ մեկի համար: Եվ երբ կանգնում ես ամբիոնից՝ ասում մի բան, որը բոլորը գիտեն, և նշում, թե այդպես չէ՝ դա նշանակում է ինքնաոչնչացում: Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այսօր այստեղ չեն, որ չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռք առնել:
Եվ ասեմ՝ ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում՝ նրանք էլ չեն կարողանալու: Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում և նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են՝ այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու և նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել՝ նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու:
Այո, թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության՝ ժողովրդական հեղափոխության արժեքները»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում




