
Հանգստյան օրերին սննդամթերքի անվտանգության և աշխատանքի ու առողջապահության տեսչական մարմինների աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներն ու ստուգայցերը մայրաքաղաքի ու մարզերի իրացման ցանցեր, առևտրի կենտրոններ ու արտադրական ձեռնարկություններ։ Պարետի որոշումներով ՝ նախորդ օրերին 24 ժամով կասեցվել է 98 տնտեսվարողի գործունեություն, 72 ժամով՝ մեկ տնտեսվարողի։
Վանաձորում տեսուչները նոր տեսակի խախտում են հայտնաբերել․ տնտեսվարողներից մեկը պարետի ցուցումը կատարում է ՝ ջերմաչափում իրականացնում է, բայց ոչ թե հատուկ, այլ բոլորիս ծանոթ՝ սնդիկային ջարմաչափով։ Խախտման արձանագրումը հետևյալ շարունակությունն է ունենում։
«Մենք արձանագրությունը կազմում ենք, տալիս ենք պարետատուն»։
Հետո արդեն պարետատունը քննարկում է և որոշում, թե ինչ ճակատագիր է սպասվում խախտումներ կատարած տնտեսվարողներին։
Ոչ միայն Երևանում, այլև մարզերում Տեսչական մարմինների աշխատակիցները շարունակում են հետևել, թե հանրային վայրերում ինչպես են պահպանվում պարետի որոշումները՝ սոցիալական հեռավորությունից մինչև ախտահանիչ նյութեր, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունից մինչև աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյաններ: ՍԱՏՄ տեսուչներն այսօր Արաբկիր վարչական շրջանի Երևանի Սիթի սուպերմարկետի Կոմիտաս մասնաճյուղում էին։
«Խախտվել էր ՀՀ պարետի որոշմամբ սահմանված՝ դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբարկղեր ունենալու նորմը, ախտահանման մատյանները թերի են լրացվել»,- ասում է ՍԱՏՄ Երևանի գլխավոր տեսուչ Ռոբերտ Թորոսյանը։
Միայն ՍԱՏՄ տեսուչները վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 4 հազար շրջայց են իրականացրել, որից միայն հազարի դեպքում է արձանագրություն կազմվել՝ ասում է ՍԱՏՄ ղեկավար Գերոգի Ավետիսյանը։

«Կա տենդենց, որ մեր տնտեսվարողները, հանրային սննդի օբյեկտների ղեկավարները, անսալով մեր կոչին, իրականացնում են այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են հակահամաճարակային այս ժամանակահատվածում»,- նշում է Ավետիսյանը։
Իսկ ամենաշատը արձանագրվում են հետևյալ խախտումները ՝ հաճախորդների միջև առնվազն 1,5 մետր հեռավորությունը չի պահպանվում, աշխատակիցները դիմակները սխալ են կրում՝ չծածկելով քիթն ու բերանը․
«Հաճախորդներին մատուցում են նարգիլե, որը խստիվ արգելվում է, սեղաններից բացակայում են ախտահանիչ նյութերը, որոնց առկայությունը պարտադիր է։ Հաճախորդների ու աշխատակիցների ջերմաչափում չի կատարվում, գրանցամատյաններում նշումներ չեն կատարվում։ Դիմակների համար չկան աղբամաններ, նշանակված չեն կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատուներ»,- ասում է ՍԱՏՄ ղեկավարը։
Կորոնավիրուսը փոխել է աշխարհի ռիթմը, կառավարություններին ստիպել մեթոդներ գտնել համավարակի դեմն առնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այս փուլում կորոնավիրուսային կանոնները պահպանելն է։
Հայ գիտնականներն ասում են, որ բազմաթիվ առաջարկներ ունեն, որոնց կյանքի կոչելու դեպքում կարող են ախտահանել դիմակներն ու տարածքները։




