ԿարևորՀասարակություն

Հաղթանակի 75-ամյակի շքերթին ընդառաջ. հայ զինծառայողների փորձը՝ Մոսկվայում (տեսանյութ)

Հունիսի 24-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11-ին,  Մոսկվայի Կարմիր հրապարակում կկայանա Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հաղթական զորահանդեսը։

Հունիսի 15-ից սկսվել են շքերթի փորձերը։ Դրանց մասնակցում է նաև խորհրդանշական 75 զինվորից բաղկացած հայկական շարասյունը։

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ զինվորական շքերթի փորձից։

Զինվորները տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները։

Հայ 75 զինվորականները Մոսկվայի սրտում գրեթե ամեն օր մասնակցում են Հաղթանակի զորահանդեսի փորձերին՝ արժանանալով ոչ միայն բարձրաստաճան զինվորականների բարձր գնահատանքին, այլև հասարակության ջերմ վերաբերմունքին։

Հանդիսավոր երթից տասն օր առաջ հայկական զորախումբը, ավարտելով հայաստանյան մարզումները, մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի հոբելյանական զորահանդեսին։

Իսկ մարզումները հայ զինվորներն սկսել են Մոսկվա մեկնելուց ավելի վաղ՝ փետրվարին։ Շուրջ երկու ամիս տղաներն ամենօրյա ռեժիմով մասնակցել են փորձերի:

«Մոսկվայում զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,-ֆեյսբուքի իր էջում հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Կորոնավիրուսով պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24–ին։

Զորահանդեսին չի մասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Կարդացեք նաև

Back to top button