ԿարևորՀասարակություն

Դիմակի երեք շերտերը․ բժշկական դիմակներն ավելի ապահով են

Եթե նախկինում կառավարությունը հորդորում էր պարտադիր դիմակ կրել, հիմա ճշգրտում է հորդորը՝ նախապատվությունը տալ բժշկական դիմակներին։

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարարը նկատել է, որ տնային պայմաններում կարված կտորե դիմակները չեն կարող լիարժեք փոխարինել բժշկականներին:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս իր ճշգրտում է արել՝ 60-ից բարձր ու  խոցելի խմբերի մարդկանց հորդորում է  պարտադիր   եռաշերտ  բժշկական դիմակ կրել, քանի որ դրանք ավելի լավ են պաշտպանում։

Շատերն այս  օրերին  կրում են  գույներով հագուստին համապատասխան կամ նորաոճ դիմակներ։ Բայց  այսօրվանից այլևս  պետք  է ուշադրության դարձնել ոչ թե դիմակի ոճին, այլ որակին։ Կտորից դիմակներն այնքան էլ արդյունավետ չեն  ու վիրուսից լիարժեք չեն պաշտպանում։

Տեղեկությունը կառավարության նիստում փոխանցեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երբ մենք պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ, օգտագործեք տնային պայմաններում կարված դիմակներ, որը, սակայն, երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին։ Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ նաև մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ 

Ես խնդրում և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ այստեղ ներկա՝ կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև դա մի քանի անգամ ավելի է պաշտպանում»,- ասաց նախարարը։

Կտորե դիմակին նախապատվություն տալը պայմանավորված է  ոչ միայն  գեղեցկությամբ կամ   հարմարավետությամբ, այլ նաև ֆինանսական գործոնով․ դրանք ավելի էժան են, քան բժշկականները։

Հիմա կարծես այդ խնդիրն այլևս չկա։ Այս պահին խոշոր դեղատնային   ցանցերում տեղական բժշկական եռաշերտ դիմակները վաճառվում են 100 դրամով, ներմուծվածները՝ մինչև 150 դրամով։ Այս տեղեկություն էլ  հաստատեց  ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Այսօր կստանանք ավտոմատ սարքերով վաճառվող  դիմակների նոր խմբաքանակը,  մեծածախի գինը նվազել է,  դարձել 60 դրամ: Ընդ որում՝ տեղական արտադրության երկու ընկերություններն էլ գինը իջեցրել են: Նոր խմբաքանակը, որ ստանանք, կդառնա երկու հատը առավելագույնը 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակներում կվաճառվի: Դրանք ստերիլ փաթեթավորված են և հարմար են օգտագործման համար»,- ասաց Գևորգյանը։

Դիմակների թեման  կառավարության նիստում  չավարտվեց։ Վարչապետն անձամբ բժշկական դիմակները   ձեռքին դուրս եկավ   երևանյան փողոցներ և սկսեց բաժանել մարդկանց,  կրողներին  էլ  շնորհակալություն հայտնեց։

Այսօր կառավարության նիստում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի ընթացիկ  ամենամեծ խնդիրը համավարակն է։ Իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, քանի որ, ըստ վարչապետի,   հակահամաճարակային կանոնները համատարած չեն պահպանվում։ Եվ եթե իրավիճակը չկայունանա,  ապա   ստիպված ենք լինելու  կիրառել ավելի խիստ   միջոցներ՝ հայտարարեց Փաշինյանը։  Այսօրվա տվյալներով  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը   ավելացել է 665–ով։

Կարդացեք նաև

Back to top button