ԿարևորՔաղաքական

ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրելը բացառված է. վարչապետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին:

«Այն բովանդակությունը, որը Կառավարությունը 2018-ից հետո դրել է Ղարաբաղի հարցի և տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա, և դա տեսանելի է միջազգային հանրության համար»,-ասել է Փաշինյանը։

«Այն քաղաքականությունը, որն Ադրբեջանը երկար ժամանակ վարում է, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Կարծում եմ, որ այդ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող էր այդ քաղաքականությունը պայմանականորեն լինել արդյունավետ»,-նշեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ բացառված է Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրելը:

«Ու քանի որ այս հանգամանքների բերումով ռազմաշունչ տրամաբանությունը արդյունավետ չէ, հայտնվում է տեղապտույտի մեջ: Եվ Ադրբեջանի իշխանությունը սեփական ժողովրդին խնդիր ունի բացատրելու, թե ինչու արդյունքի չեն հասնում: Եվ այդ հարցին պատասխանելու համար ևս մեկ աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որ ավելի մեծ տպավորություն գործի իր ժողովրդի վրա»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին կոչ արեց համաձայնել իր այն բանաձևի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Իմ կոչը մնում է նույնը Ադրբեջանի ղեկավարին՝ ի վերջո կառուցողական մոտեցում ցուցաբերել, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք նաև

Back to top button