ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսը՝ Հայաստանը ճանաչելու իրական հնարավորություն

Համավարակի թիրախում՝ մարդկային առողջությունից զատ, փոքր ու միջին բիզնեսն է, որտեղ ծանրակշիռ տեղ ունի տուրիզմը։ Ներգնա ու արտագնա տուրիզմի մասին առայժմ խոսք լինել չի կարող, համավարակը շարունակում  է աշխատել այս ոլորտների դեմ,  իսկ զբոսաշրջային ընկերությունները պետք է ինչ-որ կերպ գոյատևեն։ Ելքերից մեկը ներքին տուրիզմի զարգացումն է, որտեղ, ըստ մասնագետների,  շարժ կա, բայց մեծ թռիչք՝ առայժմ ոչ։

Համավարակը Հայաստանում  համառորեն պահպանում է իր դիրքերը, ինչով էլ  պայմանավորված՝ շարունակում է տուժել  զբոսաշրջության ոլորտը։ Արտաքին աշխարհի հետ զբոսաշրջային կապը գրեթե ընդհատված է, ու այս պայմաններում շատերը կանխատեսում էին որոշակի ակտիվություն  ներքին տուրիզմի ոլորտում։ Ոլորտի այսօր իրավիճակի շուրջ զրուցում  ենք «Լոռե թրավել» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գեորգի Գևորգյանի հետ․

«Այս պահին եթե մի փոքր շարժ կա, դա միայն սոցփաթեթների սպասարկումն է։ Ներքին ուղղությունները կապված են հիմնականում ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերի հանգստի հետ։ Բայց դա անցած տարիների համեմատ, իհարկե, քիչ է։ Ներքին զբոսաշրջիկները նաև գումարի հետ կապված խնդիր ունեն, շատերը վախենում են համավարակից։ Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնց արդյունքում կարող ենք փաստել, որ այո՛, կա որոշակի ներքին տուրիզմ, բայց ոչ այն ծավալով, որ կար նախորդ տարիներին»,- ասում է Գևորգյանը։

Թեև համեստ ցուցանիշերով, բայց ներքին տուրիզմի ոլորտում կան քիչ թե շատ ավելի ակտիվ ուղղություններ։ Առաջատարը Լոռին է։ Հատկապես կորոնավիրուսային համավարակի շրջանում շատերին ձգում են Լոռու փշատերև անտառները։

 «Մայիս ամսին ամենաակտիվ ուղղությունը եղել են Ստեփանավանն ու հարակից շրջանները՝ պայմանավորված Դենդրոպարկով և սոճիների փոշոտման հանգամանքով։  Որոշակի ակտիվություն կա դեպի Տավուշի մարզ։ Կոտայքի մարզը, հատկապես Ծաղկաձորը, Աղվերանը, Հանքավանը, համեմատաբար պասիվ են  այս տարի։ Դա պայմանավորված է նաև համավարակով, որովհետև այդ քաղաքների հյուրանոցներում են  գտնվում  նաև ինքնամեկուսացված անձինք»,- նշում է զբոսաշրջային ընկերության տնօրենը։

Նախորդ շաբաթ Երեւանի եւ մարզերի մոտ 150 հյուրանոցների շրջանում իրականացված հարցումները ցույց են տվել, որ այս պահին ներքին զբոսաշրջության ազդեցությունը հյուրանոցային տնտեսության օբյեկտների վրա թույլ է։ Այնուամենայնիվ, հանգստյան օրերին զբոսաշրջային վայրերի շրջակայքում  նկատվող մարդաշատությունը խոսում է  այն մասին, որ քաղաքացիները հիմնականում իրականացնում են առանց գիշերակացի մեկօրյա տուրեր։

Սա  Զբոսաշրջության պետական կոմիտեին ուղղված մեր հարցման պատասխանն է, որը դժվարությամբ կարողացանք ստանալ։ Փոխարենը մեր հարցերին մեծ սիրով արձագանքեց  զբոսաշրջության ոլորտում անձնական հարուստ փորձ ունեցող, Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձրած, իսկ այսօր արդեն վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ 

«Կա ակտիվություն, բայց խնդիրը մնում է անփոփոխ, դա կորոնավիրուսի համաճարակն է։ Կապ չունի՝ ներքին թե արտաքին, համաճարակի այս օրերին մարդկանց տեղաշարժը վտանգավոր է։ Շատ գյուղերում մարդիկ իրենք չեն ուզում, որ այցելուներ գան, որպեսզի վարակը չտարածվի»,- ասում է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը ևս որոշակի դժվարություններ է ստեղծում, սակայն այս ամենով հանդերձ, ըստ նրա, այժմ լավագույն հնարավորությունն է զարգացնելու ներքին տուրիզմը։

«Սա հենց մեզ՝ հայերիս համար շատ մեծ հնարավորություն է տեսնելու մեր երկիրը։ Կորոնավիրուսի ամենօրյա թվերը փաստում են, որ ռիսկը դեռ շատ մեծ է և պետք է ավելի զգուշանալ, քանի որ առաջնայինն այս պահին դա է։ Երբ թվերը սկսեն նվազել և կայունանալ, պետք է ագրեսիվ ձևով զարգացնլ ներքին տուրիզմը»,- նշում է վարչապետի խորհրդականը։

Տնտեսական մեծ վնասներ կրած զբոսաշրջության ոլորտում վերապրոֆիլավորումն ու ուղղության փոփոխությունը դեպի ներքին տուրիզմը ֆինանսական առումով էական ազդեցություն ունենալ չի կարող, բայց այս իրավիճակում դա էլ ելք է։ Ըստ Ղուկասյանի՝ հաջողություններ կունենանք, եթե ոլորտին ավելի նորարարական մոտեցում ցուցաբերենք․

«Պետք է մեծ ուշադրություն ցուցաբերել քայլուղիներին, որպեսզի ակտիվացնենք քայլարշավները։ Սա հնարավորություն է, որ մենք նաև քայլել, ինչպես և հեծանիվ քշել սովորենք»,- ասում է Ղուկասյանը։

Շատ-շատերին արդեն վաղուց հայտնի Կալավանում, որը զբոսաշրջային կենտրոն դարձնելու հեղինակը հենց ինքը՝ Ռոբերտ Ղուկասյանն է, միշտ են կարևորել   ներքին տուրիզմի զարգացումը։ Կալավան այցելել ցանկացողների թիվն այս տարի կրկնակի ավելացել է, բայց գյուղի բնակիչներն են խուսափում ընդունել այցելուներին՝ համավարակով պայմանավորված անվտանգության նկատառումներից ելնելով։ Կալավանում դարձյալ ելքը գտել են․

«Կալավանում փետրվարին արդեն վերապրոֆիլավորվել են և տեղափոխվել գյուղատնտեսության դաշտ։ Մարդիկ ցանել են՝ ինչ հնարավոր է, զարգացնում են օրգանական գյուղատնտեսությունը»,- հավելում է Ռոբերտ Ղուկասյանը։

Կալավանում վաղուց է որդեգրվել այդ քաղաքականությունը՝ արտադրությունն ու տուրիզմը միավորել մեկ ընդհանուր համակարգում։ Ռոբերտ Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանի համար սա փրկության ճանապարհ է։

Կարդացեք նաև

Back to top button